2015 թվականն ավարտվել է ավելի լավ արդյունքներով, քան տարեսկզբին մի շարք միջազգային գործընկեր կառույցների կողմից տրված խիստ համեստ կանխատեսումներն էին: Այս մասին, փետրվարի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Moody’s վարկանշային կազմակերպության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում էին Moody’s կազմակերպության փոխնախագահի օգնական, սուվերեն ռիսկի խմբի վերլուծաբան Սեբաստիան Բեքերը եւ ասոցացված կառավարիչ տնօրեն Դետմար Հորնունգը` Գերմանիայի գրասենյակից, փոխնախագահի օգնական, սուվերեն ռիսկի խմբի վերլուծաբան Էռնեստ Սերջենտին` Նյու Յորքի գրասենյակից:
Էկոնոմիկայի նախարարը` ողջունելով Moody’s-ի ներկայացուցիչներին, նշել է նման հանդիպումների կարեւոր նշանակությունը տնտեսության զարգացման ամենատարբեր ասպեկտների շուրջ մտքերի փոխանակման ու իրողությունների վերաիմաստավորման տեսակետից: Հանդիպման հիմնական օրակարգը ներառել է հարցեր 2015 թվականին Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի, գալիք միջնաժամկետ հատվածում տնտեսության զարգացման եւ տնտեսական աճի սպասումների, արտաքին եւ ներքին հիմնական մարտահրավերների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում նախարար Ճշմարիտյանն ամփոփ անդրադարձել է 2015 թվականի սպասումներին եւ արդյունքներին: Շեշտադրվել է այն հանգամանքը, որ, ըստ էության, տարին ավարտվել է ավելի լավ արդյունքներով, քան տարեսկզբին մի շարք միջազգային գործընկեր կառույցների կողմից տրված խիստ համեստ կանխատեսումներն էին: Քննարկումներ են ծավալվել տնտեսության զարգացման դինամիկայի եւ տնտեսական աճի շարժիչ ուժերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել տնտեսության առանձին ոլորտների եւ ճյուղերի ընթացիկ պատկերին ու զարգացման ներուժին, այդ համատեքստում նաեւ արտաքին զարգացումների ֆոնին ավանդական շուկաներում արտահանման ընդլայնման ու նոր շուկաներ երկրի ներթափանցման հնարավորություններին, դրանք արդյունավետորեն իրացնելու անհրաժեշտությանը: Մատնանշվել են մի շարք ոլորտներում նախատեսվող խոշոր ներդրումային ծրագրեր, որոնք կիրականացվեն միջազգային դոնոր կառույցների աջակցությամբ:
Քննարկվել են նաեւ ԵՏՄ անդամակցության եւ Ռուսաստանի Դաշնության տնտեսության վիճակի հնարավոր ազդեցությունները Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունների եւ տնտեսական աճի տեմպերի վրա: ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ ԵՏՄ-ին երկրի անդամակցությանը զուգահեռ հաջողությամբ ընթանում են այլ ձեւաչափերով համագործակցության հիմքեր ստեղծելու գործընթացները, ընդլայնվում են առեւտրատնտեսական կապերն այլ երկրների եւ ինտեգրացիոն միավորների հետ: Մեծ հնարավորություններ են բացվում Հայաստանի տնտեսության համար Իրանի հետ համագործակցության տեսակետից, եւ շոշափելի է երկուստեք գործարար հետաքրքրվածությունը:
Կարեն Ճշմարիտյանը մանրամասն անդրադարձել է նաեւ Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին, մի շարք խոշոր ներդրումային ծրագրերին եւ պլաններին, որոնց իրագործումը տնտեսական զարգացման խոստումնալից հեռանկարներ է բացում:




























