Գեոպոլիտիկան նոր ուժով վերադարձել է Մերձավոր Արեւելք: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այդ մահացու գամբիտում ճակատագրերի տնօրինողի դեր է խաղում` հասնելով նրան, որ նրա զինվորիկը` Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մնա շախմատային տախտակին:  Ցարական ժամանակներից Ռուսաստանը ջանացել է իր վերահսկողության տակ պահել Սեւ ծովից դեպի Միջերկրական ծով ելքը: Դա անհնար էր, որովհետեւ Թուրքիան էր վերահսկում Բոսֆորի նեղուցը:  Երկրորդ տարբերակը ռուսական ռազմածովային բազան է Տարտուս նավահանգստային քաղաքում, որը Մոսկվան կկորցնի, եթե Ասադը տապալվի, գրում  The Globe And Mail-ը:

Սակայն ռուսական հավակնությունները Սիրիայով չեն բավարարվում: Ռուսաստանն արդեն վաղուց իրանական այաթոլլաների հետ խորամանկ խաղ է խաղում, որը սկսել էր շատ ավելի վաղ, քան արեւմտյան տերությունները կորոշեին միջուկային գործարքի շրջանակում Թեհրանի վրայից հանել պատժամիջոցները: Իրանը կարեւոր հակակշիռ է Թուրքիային, որը թեպետ եւ ՆԱՏՕ-ի անդամ է, բայց անընդհատ թուլացնում է իր ժողովրդավարական ձեռքբերումները նախագահ Ռեջեփ  Թայյիփ Էրդողանի օրոք: 

Ռուսաստանը շրջանցում է նաեւ Սաուդյան Արաբիային, որն իրեն Միացյալ Նահանգների կողմից դավաճանված է համարվում Էր-Ռիյադի թշնամի համարվող Իրանի հետ միջուկային գործարքից եւ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո:  Մոսկվային ձեռնտու է նաեւ մարդասիրական աղետը, որը հարվածել է Եվրոպային եւ  մեծ ջանքեր է պահանջում Շենգենյան համաձայնագրի շրջանակում սահմաններից հրաժարված ԵՄ-ից, որն այսօր պատառ-պատառ է լինում, որովհետեւ Եվրոպայի առաջատար երկրներն այսօր նորից սահմանային հսկողություն են մտցնում, տեղեկացնում է Inosmi-ն:

Ռուսաստանը վաղուց ի վեր վախենում է եւ չարացած է ԵՄ-ի վրա նրա գրավչության պատճառով, հատկապես Ուկրաինայի դեպքերի հետ կապված: Պուտինն ու իր հիմարները նյարդայնանում են Ղրիմի գրավումից եւ Ուկրաինայի արեւելք   «ներխուժումից» հետո Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից:  Սիրիայում քաղաքացիական պատերազմից փախչող փախստականների ճգնաժամը Կրեմլի վրիժառությունն է դարձել: Պուտինն առանձնահատուկ համակրանք չունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ եվրոպական այլ առաջնորդների նկատմամբ, որոնք Ուկրաինայի պատճառով նրա վրա մատ էին թափ տալիս, իսկ այժմ  գնալով մեծացող ճնշման են ենթարկվում իրենց ընտրողների կողմից, որոնք կարծում են, որ իրենց ղեկավարներն իրենց բացարձակապես սխալ են պահել միգրացիոն ճգնաժամի պայմաններում եւ ավելորդ ներողամտություն եւ մեղմություն են ցուցաբերել` ընդունելով Սիրիայից եւ այլ երկրներից ապաստան հայցողներին: 

Չնայած ռուսաստանյան տնտեսությունը ջրասույզ է լինում նավթի գների անկմանը զուգահեռ, այդ տպավորությունը չես ունենա, եթե նայես մերձավոր արտասահմանում Ռուսաստանի գնացող ավելացող համառությանը: 

Սիրիական ճգնաժամը կարգավորելու արեւմտյան եւ հատկապես ամերիկյան ջանքերը եւ տարածաշրջանի իրադարձությունները հենց սկզբից համարժեք չէին:  Ասադի վարչակարգի դեմ հանդես եկող «չափավոր ուժերին» աջակցությունը զրոյի հավասարվեց, որովհետեւ չափավորներն այդպես էլ չստացան Ասադի դեմ պայքարի համար անհրաժեշտ ռազմական եւ դիվանագիտական օգնություն: Այժմ նրանք անէացել են կամ էլ անցել են  «Ան-Նուսրայի» եւ «Իսլամական պետության» նման ծայրահեղական խմբավորումների շարքերը, որոնք չեն հարգում հրադադարի մասին համաձայնագիրը, բայց լցնում են դատարկությունը:  

Դեպքերի զարգացմանը հետեւելով` կամքից անկախ այն եզրակացությանն ես հանգում, որ Վաշինգթոնը Սիրիային ու նրա ապագան Մոսկվային է զիջել` դա համարելով վատագույն տարբերակներից լավագույնը: Եթե Ռուսաստանն այդքան շատ է ուզում պահպանել Ասադի իշխանությունը, ԱՄՆ-ը չի կանգնի նրա ճանապարհին: Դա Քոլին Փաուելլի (ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի) «Ջարդել ես, տիրիր» հայեցակարգի հետաքրքիր տարբերակ է: Սակայն սիրիական դիակը Պուտինին հանձնելով` ԱՄՆ-ը միաժամանակ թուլացնում է իր դիրքերն ու ազդեցությունը, էլ չասած այն բոլորի համբավի մասին, որոնք կապվել են Ամերիկայի եւ նրա թոշնած հակաիլիպային կոալիցիայի հետ: