ԱԱԾ կողմից վնասազերծված «Զինված խմբի» գործով կալանավորված, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպաններն այսօր՝ փետրվարի 19-ին, Վերաքննիչ դատարան միջնորդություն կներկայացնեն Շիրխանյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վահան Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը՝ նշելով, որ այսօր լրանում է Շիրխանյանի նկատմամաբ խափանման միջոց կալանքի ժամկետը: 

«Նաեւ միջնորդություն ենք ներկայացնելու քննչական գորոծություններ կատարելու վերաբերյալ, բացի այդ միջնորդություններ ենք ներկայացնելու, որպեսզի Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժօգնություն ստանա եւ ենթարկվի կրկնակի հետազոտության»,- ասաց փաստաբանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վահան Շիրխանյանին փետրվարի 15-ին տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն՝ հետազոտության:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: