Փարիզում հեռավոր 1899թ. անսովոր հուշարձան էր հայտնվել: Իր մեջքին փոքրիկ երեխայի տանող շունը եւ հետեւյալ մակագրությունը. «Նա 40 մարդու կյանք է փրկել, եւ սպանվել 41»: Հուշարձանը նվիրված է հանրահայտ սենբերնար Բարիին (գերմաներեն արջ բառի աղավաղված ձեւն է), որը փրկել էր 40 մարդու կյանք, այդ թվում՝ փոքր տղայի, որին շունը մեջքի վրա տարել էր մի քանի կիլոմետր:

Լեգենդներից մեկի համաձայն՝ Բարրին ուժեղ բքի ժամանակ սպանվել էր իր փրկած 41 ճանապարհորդների կողմից, որոնք նրան գայլի տեղ էին դրել: Մյուս լեգենդի համաձայն՝ Բարրին մահացել է տանը 14 տարեկան հասակում:

Սենբերնարների ծագման վարկածները մի քանիսն են: Դրանցից մեկի համաձայն՝ ցեղատեսակի նախահայրերը տիբեթյան մաստիֆներն են: Մյուս տարբերակներում նշվում է, որ նրանց արմատները սերում են հռոմեական մարտական շներից:

Ցեղատեսակի անվանումն առաջացել է Շվեյցարիայի Ալպյան լեռներում գտնվող Սուրբ Բերնար վանքից: 11-րդ դարում մենտոնցի Բերնարը ճանապարհորդների համար ապաստան էր հիմնել: Վանքը, դեպի այն տանող կածանն ու շների ցեղատեսակը ստացել էին այդ անվանումը:

Հաճախակի բքերի եւ ճանապարհորդներին հետեւող ավազակների պատճառով դադար առնելը շատ դժվար էր լինում:Վանականները հաճախ ստիպված էին փրկել ձների մեջ արգելափակված ճանապարհորդներին: Ժամանակի ընթացքում վանականները նկատում են, որ պահակություն անող շները զարմանալի հոտառություն ունեն եւ ոչ միայն զգում են խորը ձյան  մեջ թաղված մարդու հոտը, այլ նաեւ կանխազգում են ձնահոսքը:

Այդ ժամանակվանից ի վեր բարեհոգի հսկա սենբերնարները իրենց կայուն տեղն են գտել մարդու կյանքում: Նրանց օգտագործում են որպես ծառայողական շների, ուղեկցող շների, նրանց մասին գրում են, ֆիլմեր նկարահանում: Հավանաբար չկա մի մարդ, որը տեսած չլինի «Բեթհովեն» ֆիլմը՝ սենբերնարների ընտանիքի արկածների մասին: Եվ անգամ Սթիվեն Քինգի վեպի մոտիվներով նկարահանած սարսափ ֆիլմը, որտեղ սենբերնարը կատաղությամբ է վարակվում եւ հարձակվում է մարդկանց վրա:

Սակայն ինչպես այդ կենդանիներին բուծողները, այնպես էլ նրանց տերերը միասնական են այն հարցում, որ սենբերնարները մարդկանց նկատմամբ շատ բարեհոգի են:

«Իմ շունը զարմանալիորեն զգում է մարդկանց: Նրա վարքից ես գիտեմ՝ մարդը լավն է, թե ոչ: Եթե վատ  մարդ է, շունը մոտ չի գնում, բայց եթե մեկը նրան դուր է գալիս, կմոտենա, իրեն շոյել կտա»,- պատմում է 3-ամյա սենբերնար Բերթայի տերը՝ Էդգարը:

Բերթան Էդգարի ընտանիքում է ապրում 35-օրական հասակից: «Իհարկե, երբ նա փոքր էր, ծիծաղելի դեպքեր լինում էին: Մի անգամ նա վերցրել էր լողակով փաթեթը եւ վազում էր տնով մեկ: Հետո երկար ամեն բան լվացում էինք»,- ծիծաղում է շան տերը:

Էդգարի եւ Բերթայի հետ զրույցը տեղի է ունենում զբոսայգում, շունն ուրախ է լրացուցիչ զբոսանիք համար: «Եթե դուք մեր տուն գայիք, նա ձեզ ներս կթողեր, բայց ահա դուրս գալ առանց իմ համաձայնության չէիք կարող,-ասում է Էդգարը,- շունս շատ խելացի է: Եթե պետք է, կարող է նաեւ երեխային նայել»:

Հայաստանում սենբերնարները քիչ են, բայց ամեն դեպքում ցեղատեսակը աստիճանաբար երկրպագուներ է գտնում: Իհարկե, պոտենցիալ տերերին պետք է հիշեցնենք, որ նման մեծ շանը պահելը ամենաէժան հաճույքը չէ: Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ եթե խոսքը իդեալական դաստիարակված շան մասին է, ապա 40-70 կգ կշռող շանը զբոսանքի հանելու  համար ֆիզիկական պատրաստվածություն է պետք: Չնայած ֆլեգմատիկ բնավորությանը՝բավական բարձր ինտելեկտ ունեցող սենբերնարները կարող են համառություն կամ քմահաճություն ցուցաբերել՝ չկատարելով հրամանը, որը, նրանց կարծիքով, անհրաժեշտ չէ կատարել:

Ասես հաստատելով այս տեսակետը՝ Բերթան, իր խելացի ու հոգնած աչքերով մեզ նայելով, երրորդ հրամանից հետո է միայն իր թաթը տալիս նորահայտ ծանոթին, իր ամբողջ տեսքով ցույց տալով, որ «դուք արժանի չեք իմ թաթին»:

«Պաշտում է ձյունը, իսկ ահա ջրից վախենում է: Տանել չի կարողանում ծխախոտի հոտը: Սիրում է մրգեր: Սննդի հարցում քմահաճ չէ, բայց նախընտրում է միսը»,- պատմում է Էդգարը:

Մի քանի ամիս առաջ Բերթան առաջին անգամ է մայրացել, լույս աշխարհ բերելով երկու քոթոթների: Պարզվել է՝ նա շատ հոգատար մայր է: «Երբ քոթոթները փոքրիկ էին, նա գրեթե երբեք չէր հեռանում նրանցից: Առաջին օրերին ոչ մեկին չէր թողում մոտենալ նրանց»:

«Տանը շուն պահելը հսկայական դրական զգացմունքներ է տալիս: Շունն ինձ համար ասես երեխա լինի: Նրա հետ երբեմն կարող է բարդ լինել, բայց միշտ քեզ հրաշալի ես զգում»:,- ասում է Էդգարը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am