Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 17-ին այցելել է Արմավիրի մարզում գտնվող «Տիեռաս դե Արմենիա» (Հայաստանի հողեր) ընկերության տնտեսություն:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շրջել է տնտեսության տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ հետագա ներդրումային ծրագրերին, զրուցել բերքահավաքին մասնակցող աշխատողների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով:

Արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանին պատկանող հայկական այս ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2004թ. նոյեմբերից: «Տիեռաս դե Արմենիա» (Հայաստանի հողեր) ՓԲԸ-ն Բաղրամյան եւ Արեւադաշտ  գյուղերի հարեւանությամբ սեփականության իրավունքով ձեռք է բերել շուրջ 2300 հա անմշակ հող:  Ընկերության զարգացման 15-ամյա ծրագրով նախատեսվում է այդ հողատարածքի 80 տակոսը դարձնել մշակովի, իսկ մնացած 20 տոկոսը,  քարքարոտ եւ գյուղատնտեսական առումով անպիտան լինելու պատճառով, օգտագործվելու է ենթակառուցվածքների զարգացման նպատակով:

Մինչ այժմ, ընկերությունը ներդրել է մոտ 37 մլն ԱՄՆ դոլար, ստեղծվել է շուրջ 400 մշտական եւ շուրջ 200 ժամանակավոր (սեզոնային) աշխատատեղ` 130 հազար դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունը ծրագրում է առաջիկա 5-6 տարիների ընթացքում նոր այգիներ հիմնելու նպա¬տա¬կով կատարել լրացուցիչ շուրջ 30 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: