«Երբ Հայ ազգային կոնգրեսը առաջարկեց ՄԱԿ-ի բանաձեւի իր նախագիծը, մնացած քաղաքական ուժերն այդ փաստաթուղթը քննադատեցին, թե թույլ տեքստ է, կարելի էր ավելի խիստ գրել»,-գրում է «Առավոտ» օրաթերթն իր խմբագրականում: «Դա շատ խորաթափանց դիտողություն է՝ գրել կարելի է ամեն ինչ: Օրինակ, ՄԱԿ-ի բանաձեւի նախագծում կարելի է ներառել ցիտատներ առաջին դարի հույն  պատմաբան Ստրաբոնից, որոնք վկայում են , որ Արցախը հայկական հող է:  Այդ բանաձեւում պետք է անշուշտ հիշատակել նաեւ Կավբյուրոյի որոշումը եւ Սեւրի պայմանագիրը:

Հատկապես ՄԱԿ-ում Տրինիդադի ու Տոբագոյի պատվիրակության համար Կավբյուրոն շատ հոգեհարազատ կհնչի: Էլ չեմ ասում, որ այդ բանաձեւում այնպայման պետք է պահանջել Արեւմտյան Հայաստանի մեր պատմական հողերը: Այ, այդ դեպքում դա կլիներ ուժեղ, տղամարդկային փաստաթուղթ: Տղամարդկության ամբողջ գաղտնիքը պահանջելու մեջ է: Ինչքան շատ պահանջես, այնքան խիզախ ես»,-շարունակում է խմբագրականի հեղինակը:

Հրապարակման հետագա տողերում կարդում ենք. «Երբ իշխանությունը մեղադրում է Տեր-Պետրոսյանին, թե նա ուզում է զիջել Ղարաբաղը Ադրբեջանին, դա, մոտավորապես, նույն սերիալից է: Այդ մեղադրանքը որեւէ արժեք կունենար, եթե ուղղված լիներ գործող նախագահին: Բայց երբ իշխանությունն է բողոքում ընդդիմության լիդերից՝ «Ղարաբաղը ծախելու» կապակցությամբ, դա արդեն անեկդոտ է, ինչի մասին համոզիչ խոսել է ինքը՝ առաջին նախագահը երեկվա հանրահավաքի ժամանակ: Եթե այդքան անզիջում եք ու պահանջատեր, բանի տեղ մի դրեք Լեւոնի ասածը եւ պահանջեք Մարտակերտի մի մասը, Շահումյանը եւ, ինչու չէ՝ նաեւ Գանձակը»: