Հայաստանում Ռուսաստանի ռազմաբազաները ՆԱՏՕ-ի սիրտը խրված դաշույն են:  Այդ մասին Forbes ամսագրում հրապարակված հոդվածում գրում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի նախկին տեղակալ, Բահրեյնում նախկին դեսպան Ադամ Էրելին: ՆԱՏՕ-ն կարող է Թուրքիայում բազաներ պահել, բայց Ռուսաստանը Հայաստանում չի կարող եւ չպիտի պահի, կարծում է Էրելին: Իր հոդվածում նա գրում է. 

«Սուրբ ծննդից ընդամենը 2 օր առաջ Ռուսաստանն առանց աղմուկի Հայաստանի հետ պայմանագիր ստորագրեց հակաօդային պաշտպանության վերաբերյալ` ուժեղացնելով իր ռազմական ներկայությունը: Դա երկար ժամանակվա ընթացքում ամենաակնհայտ նշանն է, որ Պուտինը ՆԱՏՕ-ի հետ սահմանին իր արբանյակ պետությունն է ստեղծում եւ սպառնում է ԱՄՆ-ի կարեւոր դաշնակցին: 

Վաշինգթոնը ձեւացրեց, թե ոչինչ չի եղել, չնայած այդ քայլն ամենակարեւորներից էր Պուտինի` տարածաշրջանում իր տիրապետությունը հաստատելու  ռազմավարության մեջ դաշնակից Սիրիայի ու նաեւ Իրանի հետ, որի հետ ռազմական կապեր են հաստատվում:  Բացի այդ, Հայաստանը մոտավորապես 165 մղոն սահման ունի Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի հարավային թեւն է: Վերջին  6 ամսվա ընթացքում, մինչ Ռուսաստանն ուժեղացնում էր գործողությունները Սիրիայում եւ ճնշումը Թուրքիայի վրա, մեծացավ զենքի հոսքը Հայաստանում ռուսական ռազմակայան:   Այժմ մատակարարվում են    «Նշանառու-2» եւ «Տախիոն» անօդաչու սարքեր, «Մի-24» ռազմական ուղղաթիռներ եւ   «Իսկանդեր-Մ» բալիստիկական հրթիռներ: 2015-ի հուլիսին Պուտինի հրահանգով օպերատիվ արձագանքման զորավարժություններ տեղի ունեցան: Իսկ փետրվարի սկզբին, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրահանգով Ռուսաստանը հարավ-արեւմտյան ռազմավարական ուղղությամբ, Հայաստանը ներառյալ, խոշոր զորավարժություն սկսեց:  Տարածաշրջանային գործողությանը ընդհանուր առմամբ մոտ   8,5 հազար մարդ էր մասնակցում, վերերկրյա հրետանու 900 միավոր,  200 ռազմական ինքնաթիռ եւ 50 նավ:

Հայաստանում Ռուսաստանի աճող ներկայությունը` ՆՍՏՕ-ի եւ Եվրոպայում Ամերիկայի շահերի հանդեպ սպառնալիքի տագնապալի միտման վերջին դրսեւորումն է: 

Այժմ Հայաստանում ռուսաստանյան ռազմակազմը, տարբեր գնահատականների համաձայն, 2 բազայում  5 հազար մարդ է կազմում: 

Եթե Ռուսաստանը նման մի բան աներ ՆԱՏՕ-ի ցանկացած այլ երկրի հետ, ցասման բռնկում կլիներ: Ինչո՞ւ մենք ոչինչ չենք ասում նման քողարկված, բայց դաժան ագրեսիա տեսնելով Թուրքիայի դեմ: Եվ ինչո՞ւ մենք հանդես չենք գալիս Հայաստանի դեմ, որը Պուտինի առաջ գորգ է փռում:   Ի վերջո, Թուրքիան ԻԼԻՊ-ի դեմ պայքարում կարեւորագույն դաշնակից է եւ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի փոքրաթիվ անդամներից մեկը, որը բազաներ ունի ԻԼԻՊ-ի ռազմավարական կետերի մոտերքում: 2015-ի հուիսին Թուրքիան եւ ԱՄՆ-ը թուրքական իսլամական պետության դեմ պայքարի համաձայնագիր կնքեցին, ինչը ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ին հնարավորություն տվեց գրոհներ իրականացրել Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիկի բազայից:   

Հայաստանը սահմանակից է ԱՄՆ-ի երեք կարեւորագույն դաշնակիցների` Վրաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային: Ռուսաստանյան ուժերը վրացական տարածք են գրավել:  Ադրբեջանը համառորեն դիմադրում է Մոսկվայի ահաբեկումներին եւ շատ կարեւոր դեր է խաղում Եվրոպան Ռուսաստանի էներգառեսուրսներից կախվածությունից ազատելու մեր ջանքերում: Մենք սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանում Ռուսաստանի ներկայությունը ՆԱՏՕ-ի սրտին ուղղված դաշույն է:  

Ռուսաստանը Հայաստանն օգտագործում մեր կենսական շահերին սպառնալու համար: Ամերիկայի առաջնորդները պիտի ուժի դիրքերից բանակցություններ վարեն: Պետք չէ զիջել Պուտինի ուժի ցուցադրությանն ի տես: XX դարի պատմությունն ապացուցում է. դա լավ չի վերջանա»: