Այսօր` սեպտեմբերի 17-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում շարունակվել է Չարենցավանի ոստիկանության բաժնում կասկածելի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատաքննությունը: Դատական նիստի սկզբում ցուցադրվեց ՀՔԾ կողմից ներկայացված տեսանյութը, որտեղ Մորիս Հայրապետյանը, (նրա ցուցմունքով է մեղադրյալի աթոռին հայտնվել Չարենցավանի ոստիկանության բաժանմունքի քրեական հետախուզության բաժանմունքի պետի Աշոտ Հարությունյանը) ներկայացնում է այն աշխատասենյակը, որտեղ իբր, ինքասպան է եղել Վահան Խալաֆյանը:
Ինչպես դատարանի դահլիճից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեսանյութում Մորիս Հայրապետյանն պատմում է, թե ինչպես է Աշոտ Հարությունյանը մտել աշխատասենյակ, ինչպես է հայհոյանքներ տվել ու բռունցքներով հարվածել Խալաֆյանին: Նա ցույց է տվել նաեւ այն պահարանը, որտեղից, իբր, Խալաֆյանը վերցրել է դանակն ու ինքնասպան եղել:
Տեսանյութը դիտելուց հետո, մեղադրյալ Աշոտ Հարությունյանը կտրականապես հերքեց տեսանյութում հնչած մտքերը, հայտարարելով, որ դա գործարքի արդյունք է Մորիս Հայրապետյանի եւ ՀՔԾ աշխատակիցների միջեւ:
Աշոտ Հարությունյանը հայտարարեց հետեւյալը. «Վահան Խալաֆյանն ինքնասպան չի եղել: Եկեք բացահայտենք ոչ թե Վահան Խալաֆյանի ինքնասպանության գործը, այլ պարզենք նրա մահվան հանգամանքները»: Նա նշեց նաեւ, որ Վահան Խալաֆյանը բերման ենթարկելու փաստաթղթի տակ չի ստորագրել, քանի որ այդ ժամանակ Խալաֆյանն արդեն մահացած է եղել:
Այնուհետեւ դատարանում հանդես եկավ Աշոտ Հարությունյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը, ով միջնորդեց, որ իրեն թույլ տան հարցեր տալ տուժողի իրավահաջորդ` Վահան Խալաֆյանի հորեղբայր Համիկ Խալաֆյանին: Թեեւ մեղադրողներն ու մյուս ամբաստանյալների փաստաբանները կողմ էին դրան, սակայն Համիկ Խալաֆյանն ասաց, որ ցուցմունք արդեն տվել է եւ հրաժարվեց պատասխանել Սեդա Սաֆարյանի հարցերին: Այնուամենայնիվ, դատարանը Ս. Սաֆարյանից վերցրեց հարցաշարը եւ կցեց արձանագրություններին:
Եւս մեկ ուշագրավ փաստ. Նախաքննական ցուցմունքում Մորիս Հայրապետյանը պնդում էր, որ Աշոտ Հարությունյանը 16:00-ի սահմաններում մտել է աշխատասենյակ, հայհոյել ու հարվածել Խալաֆյանին: Այս առնչությամբ, Ա. Հարությունյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը միջնորդեց, որպեսզի դատարանը պահանջի «Արմենտել» եւ «Վիվասել» ընկերություններից Աշոտ Հարությունյանի հեռախոսային վերծանումները, որից պարզ կդառնա, թե այդ ժամին Աշոտ Հարությունյանը որ վայրում է եղել: Դատարանը բավարարեց այս միջնորդությունը: Աշոտ Հարությունյանն էլ հայտարարեց, որ այդ վերծանումներով ինքը կապացուցի, որ ինքն այդ ժամին եղել է Էջմիածնում:
Դատական նիստը շարունակվում է:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























