Քրեակատարողական հիմնարկների վարչությունը մերժել է ԱԱԾ կողմից վնասազերծված «Զինված խմբի» գործով կալանավորված, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպանների միջնորդությունը՝ Շիրխանյանին Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում կրկնակի հետազոտության ենթարկելու վերաբերյալ: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Նրա խոսքով, միջնորդության մերժմամաբ՝ խախտվում եւ ոտնահարվում են  Վահան Շիրխանյանի իրավունքները:

«Մեզ պատասխանել են, որ դուպլեքս հետազոտության արդյունքները եւ անոթային վիրաբույժի այցը բավարար է համապատասխան եզրակացություն կազմելու եւ բուժումներ նշանակելու համար: Իսկ դուպլեքս հետազոտության ժապավենն էլ չկա գործի նյութերում, որն, ըստ նրանց,  պայմանավորված է սարքի անսարքությամբ, սակայն, ասում են, որ դրա բացակայությունը չի ազդել բուժման կամ հետազոտության վրա»,-ասաց Ստեփան Ոսկանյանը՝ նշելով, որ ժապավենի բացակայության պատճառով միջազգային առողջական կազմակերպությունները չեն ընդունում Վահան Շիրխանյանի բուժման հետ կապված ոչ մի փաստաթուղթ:

Պաշտպանի խոսքով, Վահան Շիրխանյանը նաեւ նշանակված դեղերը չի ընդունում, նա մտավախություն ունի, որ դրանք ընդունելով իր առողջական վիճակն ավելի կվատանա:

«Նրա ոտքն հիմա ավելի վատ վիճակում է , սակայն, հրաժարվում է դեղեր ընդունել, նա ասում է, որ մտավախություն ունի, որ դրանք ավելի վատ կանդրադառնան իր առողջության վրա»,-ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: