Բրիտանացի մարդաբանները պարզել են, որ միջնադարում Անգլիայի ե՛ւ հարուստ, ե՛ւ աղքատ երեխաները գրեթե նույն սննդակարգն են ունեցել: Մասնագետներն այսպիսի եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով Քենթերբերիի տարածքում գտնվող գերեզմանատանը հայտնաբերված մի քանի կաթնատամների էմալը: Նրանց ուսումնասիրությունը հրապարակվել է Journal of Archaeological Science ամսագրում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, երեխաների ատամների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ե՛ւ հարուստ, ե՛ւ աղքատ երեխաները բավական վաղ են զրկվել մոր կաթից՝ 1-2 տարեկանում անցնելով կիսակոշտ սննդի:
Իսկ 2-4 տարեկանում անգլիացի երեխաներն անցել են ավելի կոշտ սննդի: Մասնագետները ենթադրում են, որ այդ տարիքում երեխաները բավական ինքնուրույն են եղել, նույնիսկ օգնել են ծնողներին տնտեսության մեջ եւ նրանց հետ միասին սեղան նստել:
6-8 տարեկանում արդեն երեխաներն անցել են լիարժեք հասուն սննդակարգի, ինչի վկայությունն են հայտնաբերված ատամների մաշվածության աստիճանը: Այս տարիքում նույնպես տարբեր դասակարգերի երեխաները գրեթե միանման են սնվել:
Այսպիսի արդյունքը գիտնականներին զարմացրել է, քանի որ հասուն անգլիացիների ատամների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ազնվական անգլիացիների եւ հասարակ քաղաքացիների սննդակարգում զգալի տարբերություն է եղել: Ամենայն հավանականությամբ, երեխաների սննդակարգը կախված է եղել այլ գործոններից, որոնց մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:





























