«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ԱԱԾ կողմից վնասազերծված «զինված խմբի» գործով կալանավորված, արդեն 18 օր հացադուլի մեջ գտնվող ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանի առողջական վիճակը լավ չէ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Լիանա Բալյանը, որը նախորդ օրը այցելել է նրան:
«Աղասին 3-րդ կարգի հաշմանդամ է: Դեղնած, հյուծված, շատ վատ վիճակում էր»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ազատամարտիկը որոշել է այնքան ժամանակ հացադուլի մեջ մնալ, մինչեւ իր պահանջը բավարարվի ու կալանքից ազատվի:
Փաստաբանի խոսքով՝ նրան կալանքից ազատելու համար բոլոր հիմքերն առկա էն:
«Հիվանդ մայր ունի, երկու անչափահաս երեխա, ինքը տան կերակրողն է: Տունը գրավի տակ է հիմա ու ամիսը 500 դոլար ավելի գումար է կուտակվում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ կալանքի հիմքում դրվել են կատարվելիք քննչական գործողությունները, բայց մեկ ամիս անց ոչ մի գործողություն դեռ չի կատարվել:
Նշենք, որ Աղասի Մարտիրոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այդ պատճառով է հացադուլ հայտարարել, նա հրաժարվում է ցուցմունք տալ: Աղասի Մարտիրոսյանի կալանքը որպես խափանման միջոց երկրորդ անգամ երկարաձգվել է փետրվարի 5-ին: Նա բողոքարկել է դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:





























