Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել է անօրինական ճանաչել քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործը «Պետական կամ հասարակական գործչի կյանքի նկատմամբ ոտնձգություն» հոդվածով վերաորակավորելու մերժումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այսպիսով՝ դատավորը մերժել է հանգուցյալի ընտանիքի շահերը պաշտպանող փաստաբան Վադիմ Պրոխորովի բողոքը։

Պրոխորովը դատարանում պնդում էր, որ սպանության դրդապատճառը հենց Նեմցովի քաղաքական գործունեությունն է եղել։ Փաստաբանը մեջբերում է կատարել վկաների ցուցմունքներից, որոնցում ասված է, որ նրանք Նեմցովին ճանաչում էին որպես քաղաքական գործչի։

Նա հիշեցրել է, որ Նեմցովը երկար ժամանակ զբաղեցնում էր պետական պաշտոններ, իսկ սպանության պահին Յարոսլավլի քաղաքային դումայի պատգամավոր էր։

«Ցուցմունքներից պարզ է դառնում, որ սպանությունը կատարվել է քաղաքական եւ հասարական գործունեության համար վրեժ լուծելու պատճառով»,- ասել է Պրոխորովը։