Չգիտեմ՝ ինչու չեմ հրավիրվում հավաքական: Գուցե նոր մարզիչն ինձ չգիտի: Այդ մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մատիրոսյանի հետ զրույցում նշել է Լյուքսեմբուրգի «Վիկտորիա Ռոսպորտ» թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, ով Հայաստանի ազգային հավաքական էր հրավիրվել 2014-ին: Նրա նորամուտը եղել էր Հայաստան – Սերբիա խաղին:
Ալեքսանդր, այն պահից, ինչ չես հրավիրվում հավաքական, քո մասին քիչ տեղեկություն կա: Ձմռանը տեղափոխվել ես լյուքսեմբուգյան «Վիկտորիա Ռոսպորտ»: Ինչպե՞ս են գործերդ այնտեղ:
Թիմը շատ բան արեց, որպեսզի ես տեղափոխվեմ իրենց մոտ: Ինձ ասացին, որ ուզում են լավ թիմ կառուցել իմ շուրջը: Այս տրանսֆերը շատ լավ որոշում էր իմ եւ ընտանիքիս համար: Հավաքներին շատ գոլերի հեղինակ դարձա, բայց պաշտոնական դեռ երեք խաղ ենք անցկացրել, ես մասնակցել եմ միայն մեկին: Այնուհետեւ խնդիրներ ունեի ատամներիս հետ, պետք է վիրահատվեի, եւ հետո երկու շաբաթ վերականգնողական փուլ էր: «Ռոսպորտի» հետ պայմանագիրս նախատեսված է 2,5 տարով:
Այս ընթացքում կապ եղե՞լ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:
Ոչ, ես այժմ գտնվում եմ իմ ամենալավ մարզավիճակում, բայց հրավեր չկա: Ինձ հետ միայն կապ են հաստատել «Փյունիկի» ներկայացուցիչները: Նրանք առաջարկում էին, որ ես տեղափոխվեմ «Փյունիկ», բայց արդեն պայմանագիր էի կնքել այստեղ:
Եթե ստորագարած չլինեիր պայմանագիրը, կմիանայի՞ր «Փյունիկին»:
Այո, ինչո՞ւ ոչ: Ես սիրում եմ Երեւանը: Այն շատ գեղեցիկ է: Լյուքսեմբուրգի խաղընկերներս նույնպես այդ կարծիքի են:
Սիրո՞ւմ են Երեւանը:
Այո, նրանք եղել են այդտեղ Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի հետ, հետո երեկոյան դուրս են եկել զբոսնելու: Նրանք ասում են, որ Երեւանը շատ մաքուր եւ անվտանգ քաղաք է: Իսկ մարդիկ այնքան լավն են ու հանգիստ, ինչպես Եվրոպայում:
Ըստ քեզ՝ ինչո՞ւ չես հրավիրվում ազգային հավաքական:
Գաղափար չունեմ: Գուցե նոր մարզիչն ինձ չգիտի:
Վերա Մարտիրոսյան / Vera&Football





























