«Գիշեր, երբ Անգելա Մերկելը կորցրեց Եվրոպան»,- նման վերնագրով է լույս տեսել Le Monde թերթի հոդվածը: Խոսքը մարտի 6-ի լույս 7-ի գիշերվա մասին է, որը Մերկելն անց է կացրել Բրյուսելում Թուրքիայի դեսպանատանը վարչապետ Ահմետ Դավութօղլուի հետ: Վեց ժամ տեւած գիշերային բանակցություններից հետո «Եվրոպայում ինչ- որ բան կոտրվեց»,վստահեցնում է թերթը:
Թերթը այդ «կոտրվածքը» բացատրում է նրանով, որ բանակցություններն անցել են առանց Եվրամիության մյուս անդամների մասնակցության, նրանք անգամ տեղեկացված չէին, թե ինչ է կատարվելու այդ գիշեր Թուրքիայի դեսպանատանը: «Կանցլերի արարքը խորը վերքեր կթողնի Եվրոպայի կերպարի վրա»,- ասել են թերթին Բրյուսելում նրա անանուն աղբյուրները: Մերկելը, որը ժամանակին բարոյական խրատներ էր տալիս ամբողջ Եվրոպային, հիմա ստիպում է որ Եվրոպան «հնազանդվի» Թուրքիայի անպարկեշտ առաջարկին:
Թուրքիայի դեսպանատանը ընթացող բանակցությունները ավարտվել էին առավոտյան երեքն անց կեսին, դրանից բառացիորեն մի քանի ժամ հետո սկսվել էր միգրացիոն ճգնաժամին նվիրված եվրոպական հերթական գագաթնաժողովը, որտեղ էլ հենց դիվանագետները ու մյուս պետությունների ղեկավարները իմացել են «բոլորովին անսպասելի» առաջարկի մասին:
Փաստորեն գերմանաթուրքական համաձայնագիրը ջնջեց միգրացիոն խնդրի լուծմանն ուղղված բոլոր նախորդ պայմանավորվածություններն ու ջանքերը: Հյուրընկալության քաղաքականության հիմնական ջատագով Մերկելը փաստորեն համաձայնեց, որ Եվրոպան չի կարող նույն քանակությամբ փախստականներ ընդունել:
Թվում էր, թե Մերկելի նոր քաղաքական գիծը պետք է բոլոր նրանց սրտով լիներ, ովքեր կողմ էին եվրոպական սահմանների փակմանը, բայց նրանց համար նույնպես թուրք-գերմանական համաձայնագիրը կասկածահարույց էր:
Ձախերն ու իրավապաշտպանները հիշեցնում են, որ միգրացիոն հարցի «լուծման» համար Թուրքիան չափից շատ պահանջներ է ներկայացրել: Եվ դրանց մի մասն արդեն բավարարվել է՝ փետրվարի վերջին Գերմանիայի կառավարությունը կարողացել է կանաչների կուսակցությանը համոզել Բունդեստագ չմտցնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը: Թուրքիան նաեւ պահանջել է առանց վիզա ռեժիմ Եվրամիության հետ եւ տարեկան եւս 3 մլրդ եվրո (մինչ այդ խոստացված 3 մլրդ-ից բացի), եւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների վերսկսում:
Բայց Թուրքիայի համար դժվար կլինի ստանալ իր բոլոր պահանջները: Օրինակ Կիպրոսի նախագահն արդեն խոստացել է արգելափակել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը, իսկ Դոնալդ Տուսկը, որը Նիկոսիա էր ժամանել մարտի 15-ին, արդեն հայտնել է, որ Եվրամիության 28 անդամներն իր համար հավասար են, ու Կիպրոսը նույնքան կարեւոր է, որքան Գերմանիան, Ֆրանսիան կամ ցանկացած այլ երկիր:
Բայց նույնիսկ եթե հաջողվի պայմանավորվել Կիպրոսի հետ, ու Թուրքիան սկսի կատարել այն բոլոր 72 պահանջները, որոնք նրան առաջադրվել են Եվրամիությանն անդամակցելու համար, միեւնույն է միգրանտների վերաբերյալ գիշերային համաձայնությունը արդեն չի ընդունվի այն տեսքով, որով այն հաստատել են Թուրքիայի ու Գերմանիայի վարչապետները:
Ինչեւէ, Եվրոպայի ղեկավարները մարտի 17-ին կհավաքվեն հերթական գագաթնաժողովին, որի ընթացքում մտադիր են համաձայնության գալ Մերկելի ու Դավութօղլուի գիշերային պայմանավորվածությունների հիման վրա: Թե համաձայնագրի վերջնական տարբերակը որքանով կտարբերվի սկզբնականից՝ մենք կիմանանք մարտի 18-ին:





























