Կլիմայի փոփոխությունը Հայաստանում իր աղետալի հետեւանքներն ունի առաջին հերթին բնապահպանության, ապա գյուղատնտեսության եւ էներգետիկայի վրա: Այս մասին այսօր` մարտի 18-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
Կարեւորելով էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության դերն այս փոփոխությունների դեմ պայքարում` Հայկ Հարությունյանը նշեց, որ նախարարությունն այդ հարցում միասնական է:
«Մեր էներգետիկ ռազմավարության երկու անկյունաքարերն են վերականգնող էներգետիկան են եւ էներգախնայողությունը: Մենք նպատակ ունենք եւ տարիներ շարունակ այդ ուղղությամբ աշխատում ենք, որ ռեալիզացնենք տնտեսապես շահավետ էներգախնայողության եւ վերականգնող էներգետիկայի պոտենցիալը»,- ասաց Հայկ Հարությունյանը:
Վերջինի խոսքով` արեւային ծրագիրն արդեն ընթացքի մեջ է եւ հաջող ավարտից հետո առաջիկա 3 տարիների ընթացքում մինչեւ 100ՄԳ Վտ արտադրող արեւային կայաններ կկառուցվեն:
«Բազմաթիվ ներդրողների հետ բանակցություններ են տարվում քամու մեծ համակարգային կայաններ կառուցելու համար: Այս տարի ընդունվելու է էներգախնայողության 2-րդ եռամյա ծրագիրը, որը կոորդինացնում է բոլոր էներգախնայողության ծրագրերը հանրապետությունում: Ըստ այդ ծրագրերի` նախնական գնահատականներով, մինչեւ 2020թ. առաջնային էներգիայի սպառման մոտ 30 տոկոսը հնարավոր կլինի խնայել»,- նշեց Հայկ Հարությունյանը:
Նրա խոսքով` էներգիայի սպառումն ուղղակի ազդեցություն ունի ամբողջ էներգետիկ համակարգի վրա: Անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում էներգիայի ամենամեծ սպառումը` 1521ՄԳ Վտ, եղել է 2013թ դեկտեմբերի 30-ին` ժամը 19.00-ի սահմաններում:
«Այդ ընթացքում մենք ի՞նչ ենք անում, խոզի բուդ ենք եփում, բլինչիկ ենք սարքում: Որ համեմատենք, ձմեռային պիկը 1100 ՄԳ Վտ-ից չի անցնում, այսինքն` 420 ՄԳ Վտ-ից ավել հզորություն մենք պետք է համակարգում պահենք ամբողջ տարի, որ այդ մեկ օրը կարողանանք խոզի բուդը նորմալ եփենք: 2014թ ես հորդորեցի խոզի բուդը մի քիչ շուտ եփել, ու ոնց որ աշխատեց. Էներգիայի սպառումն իջավ»,- ասաց Հայկ Հարությունյանը:





























