Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկրի հարավ-կենտրոնական հատվածում գտնվող Սկարժիսկո-Կամեննա քաղաքում անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ արտադրող ձեռնարկությունում բռնկված հրդեհը եղել է միտումնավոր կազմակերպված դիվերսիոն ակտ, հայտնում է «Polskie Radio»-ն:
«Ինչ վերաբերում է երկու ձեռնարկություններում բռնկված հրդեհներին, ապա Սկարժիսկո-Կամեննայի պարագայում կասկած չկա, որ դա եղել է միտումնավոր հրդեհում՝ դիվերսիոն ակտ», — կառավարության նիստից առաջ հայտարարել է Տուսկը:
Նրա խոսքով՝ մյուս հրդեհի՝ Լյուբլինում գտնվող արտադրապահեստային համալիրի վերաբերյալ, նման ապացույցներ դեռևս չկան: Այդուհանդերձ, վարչապետը չի բացառել միտումնավոր հրդեհման վարկածը՝ հաշվի առնելով ավիաշինության համար բաղադրիչներ թողարկող JFG Composites ընկերության գործունեության բնույթը:
Վերջին օրերին հրդեհներ են բռնկվել արդյունաբերական երկու օբյեկտներում: Դրանցից մեկը պատկանում է անօդաչու համակարգեր արտադրող WB Electronics ռազմական կապալառուին, իսկ երկրորդը JFG Composites-ի արտադրապահեստային համալիրն է Լյուբլինում:
Տուսկը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներն ու ամիսները վճռորոշ են լինելու ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության, այլև ամբողջ տարածաշրջանի երկրների համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանը ծրագրում է մեծացնել լարվածությունը և ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:
Լեհաստանի վարչապետը դիվերսիաների հետաքննությունը կապել է նաև կրիպտոարժույթների շուկայի կարգավորման մասին օրենքի վրա նախագահ Կարոլ Նավրոցկիի դրած վետոն հաղթահարելու հարցով ուրբաթ օրը խորհրդարանում սպասվող քվեարկության հետ:
Տուսկը կոչ է արել ընդդիմադիր պատգամավորներին և նախագահին փոխել իրենց դիրքորոշումն ու աջակցել օրենքին՝ նշելով, որ դրա ընդունումն էապես կդժվարացնի Լեհաստանի դեմ ուղղված ահաբեկչական գործունեության ֆինանսավորումը:
«Ահաբեկչական գործողությունների ճնշող մեծամասնությունը հիմնված է կրիպտոարժույթների վրա», — ասել է Տուսկը՝ հավելելով, որ լեհական իշխանությունների տվյալներով՝ այդ մեխանիզմն օգտագործվել է նաև դիվերսիաներ և հրդեհումներ կազմակերպելու համար:
Վարչապետի խոսքով՝ լեհական իշխանությունների բացահայտած դիվերսիոն դեպքերում «կասկած չկա», որ կատարողների վարձումն ու վարձատրությունն իրականացվել են կրիպտոարժույթների կիրառմամբ:
«Ռուսաստանն օգտագործում է կրիպտոարժույթները որպես նմանատիպ գործողությունների ֆինանսավորման հիմնական մեխանիզմ», — հայտարարել է Տուսկը:
Նա խորհրդարանին կոչ է արել ուրբաթ օրը հաստատել օրենքի նախագիծը՝ ընդգծելով, որ դա թույլ կտա դժվարացնել Ռուսաստանի կողմից Լեհաստանի տարածքում նման գործողությունների իրականացումը: Տուսկի խոսքով՝ լեհական հատուկ ծառայությունները մասնակցել են օրենսդրական նախագծի պատրաստմանը և միանշանակ արտահայտվել են դրա ընդունման օգտին, քանի որ այն պետք է բարդացնի ահաբեկչական և այլ հանցավոր գործունեության ֆինանսավորումը:
Լեհաստանի խորհրդարանական ընթացակարգի համաձայն՝ նախագահական վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ է օրենքի կրկնակի ընդունում: Վետոն հաղթահարելու դեպքում նախագահը պարտավոր է ստորագրել փաստաթուղթը:
Նավրոցկին հունիսին երրորդ անգամ վետո էր դրել կրիպտոարժույթների շուկայի կարգավորման մասին օրենքի վրա: Նա հայտարարել էր, որ առաջարկվող նորմերը կհանգեցնեն ոլորտի չափից ավելի կարգավորմանը և չեն վերացնում իր աշխատակազմի կողմից նախկինում մատնանշված խնդիրները:





























