Հունաստանի Հռոդոս կղզու ափերի մոտ առաջին անգամ հայտնաբերվել է Liomera rugipes տեսակի խեցգետին, որի բնական ապրելավայրը Հնդկա-Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է: Այս գտածոն դարձել է Միջերկրական ծովում տվյալ տեսակի տարածման ամենաարևմտյան կետը և վկայում է տարածաշրջանի արևելյան հատվածում օտարածին օրգանիզմների շարունակական ներթափանցման մասին:
Ինչպես հաղորդվում է «BioInvasions Records» գիտական ամսագրում հրապարակված Ռոդոսի հիդրոբիոլոգիական կայանի գիտնականների հետազոտության մեջ, Liomera rugipes-ի արու առանձնյակը հայտնաբերվել է 50–55 մետր խորության վրա:
Տեսակը նույնականացվել է մորֆոլոգիական հատկանիշներով, այդ թվում՝ արուի առաջին գոնոպոդին բնորոշ ձևով: Բացի այդ, գիտնականներն իրականացրել են խեցգետնի ԴՆԹ հաջորդականության մոլեկուլային վերլուծություն: Ստացված տվյալները հետագայում կարող են օգտագործվել տեսակի նույնականացման և դրա տարածման մոնիտորինգի համար:
Liomera rugipes-ը պատկանում է թունավոր խեցգետինների տեսակին: Դրա բնական տարածման տարածքն ընդգրկում է Հնդկա-Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը: Միջերկրական ծովում այն առաջին անգամ հայտնաբերվել էր 2023 թվականի մայիսին՝ Եգիպտոսի Ալեքսանդրիայի ափերի մոտ: Ենթադրվում է, որ խեցգետինը տարածաշրջան է թափանցել Սուեզի ջրանցքով:
2025 թվականին Liomera rugipes-ի երկու առանձնյակ էր հայտնաբերվել Թուրքիայի ափերի մոտ: Հռոդոսի մոտ արձանագրված գտածոն դարձել է հունական ջրերում այս տեսակի առաջին գրանցված օրինակը և միաժամանակ Միջերկրական ծովում դրա տարածման ամենաարևմտյան կետը:





























