Արևելյան Միջերկրական ծովի նշանակությունը հաճախ գնահատվում է գազի բացահայտված հանքավայրերի ծավալով, սակայն այդ պաշարներն ինքնին ռազմավարական արժեք են ստանում միայն այն ժամանակ, երբ արդյունահանված գազը հնարավոր է լինում հասցնել սպառողներին, գրում է Middle East Monitor-ը:

Եգիպտոսի Զահր, Իսրայելի Թամար և Լևիաֆան, ինչպես նաև Կիպրոսի ափերի մոտ Աֆրոդիտե, Գլաուկուս և Քրոնոս հանքավայրերը ստեղծել են նշանակալի ռեսուրսային բազա: Ընդ որում, առանցքային դիրք է զբաղեցնում Եգիպտոսը. հենց նրա՝ Իդկուում և Դամիետայում գտնվող գազի հեղուկացման գործարաններն են մնում տարածաշրջանում նմանատիպ միակ խոշոր հզորությունները:

Իսրայելն արդեն գազ է մատակարարում Եգիպտոս խողովակաշարերով, իսկ Քրոնոս հանքավայրի վերաբերյալ 2026 թվականի հուլիսին ընդունված ներդրումային որոշումը նախատեսում է կիպրական գազի տեղափոխում եգիպտական ենթակառուցվածքներով (2028 թվականից հեղուկացված գազի հետագա արտահանմամբ): Այսպիսով, Արևելյան Միջերկրական ծովն իսկապես ունակ է օգնել Եվրոպային դիվերսիֆիկացնել մատակարարումները և նվազեցնել ռուսական գազից ունեցած կախվածությունը: Սակայն դրա համար անհրաժեշտ են կայուն արդյունահանում, պաշտպանված խողովակաշարեր և տնտեսապես կենսունակ պայմանագրեր: Էներգետիկ անվտանգության համար միայն բացահայտված հանքավայրերը բավարար չեն:

Քաղաքականությունը նախկինի պես սահմանափակում է այս ներուժը

Տարածաշրջանի զարգացումը տորպեդահարում են տարածքային և քաղաքական վեճերը: Ծովային սահմանները մնում են տարաձայնությունների առարկա, Կիպրոսը բաժանված է, իսկ պետությունները անհամատեղելի մոտեցումներ են որդեգրում բացառիկ տնտեսական գոտիների որոշման հարցում:

Թուրքիան «Ալյակ մայրենիք» (Mavi Vatan) հայեցակարգի շրջանակում վիճարկում է Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության առաջմղած համաձայնագրերը, ինչպես նաև չի ճանաչում հանքավայրերի լիցենզավորման վերաբերյալ որոշումները, որոնք, Անկարայի կարծիքով, անտեսում են կիպրոսցի թուրքերի շահերը:

Արևելամիջերկրածովյան գազային ֆորումը, որը ստեղծվել է 2019 թվականին և 2020-ին վերածվել տարածաշրջանային կազմակերպության, միավորել է Եգիպտոսը, Կիպրոսը, Հունաստանը, Իսրայելը, Իտալիան, Հորդանանը և Պաղեստինը, սակայն Թուրքիան մնացել է դրանից դուրս: Ֆորումը մասնակիցներին թույլ է տվել համակարգել համագործակցությունը, բայց Անկարայի դուրսմղումը միաժամանակ խորացրել է պառակտումը և բարդացրել ամբողջ ավազանի համար միասնական էներգետիկ ռազմավարության ստեղծումը:

Եգիպտոսի առավելությունը նշանակալի է, բայց ոչ բացարձակ: Գազի հեղուկացման գործարանների, խողովակաշարային կապերի առկայությունը և Սուեզի ջրանցքի մոտիկությունը Կահիրեին ազդեցություն են տալիս շուկաներ մուտք գործելու հարցում: Սակայն ներքին արդյունահանման անկումը և սպառման աճը ստիպել են Եգիպտոսին վերսկսել հեղուկ բնական գազի (ՀԲԳ) ներկրումը, ինչը կրճատում է արտահանման համար հասանելի գազի ծավալները:

Արդյունքում՝ Կահիրեին անհրաժեշտ են մատակարարումներ Իսրայելից և Կիպրոսից՝ սեփական հզորություններն ամբողջությամբ ծանրաբեռնելու համար, մինչդեռ այդ երկրներին անհրաժեշտ են եգիպտական տերմինալները՝ ծախսատար ինքնուրույն արտահանման ենթակառուցվածքների ստեղծումից խուսափելու համար: Ծովային հանքավայրին տիրապետելը կարևոր է, սակայն վերամշակման և տեղափոխման նկատմամբ վերահսկողությունը կարող է առավել վճռորոշ լինել:

Թուրքիայի և Եգիպտոսի էներգետիկ համագործակցությունը

Թուրքիան այս համակարգ է մտնում հակառակ կողմից: Նրա սեփական գազային ռեսուրսները մնում են համեմատաբար փոքր՝ ներքին պահանջարկի համեմատ, փոխարենը երկիրը տնօրինում է խողովակաշարեր, ՀԲԳ տերմինալներ, վերագազավորման և պահպանման լողացող կայանքներ, գազապահեստարաններ և կապեր եվրոպական շուկայի հետ: Այս ամենն ընկած է Թուրքիան խոշոր առևտրային և տարանցիկ հանգույցի վերածելու Անկարայի ձգտման հիմքում:

Եգիպտոսի հետ հարաբերությունների կարգավորումը համագործակցության սահմանափակ, բայց գործնական հնարավորություններ է բացել: 2024 թվականի փետրվարին թուրքական BOTAŞ-ը և եգիպտական EGAS-ը պայմանավորվել են զարգացնել փոխգործակցությունը գազի և ՀԲԳ առևտրի, ենթակառուցվածքների և տեխնիկական ոլորտներում: 2025 թվականի մայիսին Թուրքիան Եգիպտոսին է տրամադրել իր վերագազավորման և պահպանման լողացող կայանքը՝ ամառային խիստ պահանջարկը ծածկելու համար:

Այս փորձը ցույց տվեց, որ փոխլրացնող ենթակառուցվածքն ունակ է ձևավորել ընդհանուր տնտեսական շահեր նույնիսկ պահպանվող քաղաքական և ծովային վեճերի պայմաններում:

Մեքքայի պակտը և տարածաշրջանային միջանցքները

Այս հարաբերություններին նոր չափում է հաղորդում Մեքքայում կնքված Համատեղ պաշտպանական համաձայնագիրը: Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիuտանը ստորագրել են այն 2026 թվականի օգոստոսի 7-ին՝ պայմանավորվելով մասնակիցներից որևէ մեկի վրա զինված հարձակումը դիտարկել որպես հարձակում բոլորի վրա:

Պակտն ընդլայնում է Սաուդյան Արաբիայի և Պակիuտանի միջև 2025 թվականի սեպտեմբերին փոխադարձ պաշտպանության մասին ռազմավարական համաձայնագրով սկսված համագործակցությունը, սակայն իրավաբանորեն անջատ է դրանից: Բոլոր երեք պետություններն էլ պայմանագիրն անվանում են պաշտպանողական և թույլատրում են նոր մասնակիցների միացումը: Հավաքական պաշտպանության մասին ձևակերպումներն արդեն համեմատություններ են առաջացրել ՆԱՏՕ-ի հետ, թեև ինստիտուցիոնալ առումով և ռազմական պարտավորությունների տեսանկյունից նոր մեխանիզմը զգալիորեն պակաս զարգացած է:

Այս պահին պակտն ավելի ճիշտ է դիտարկել որպես տարածաշրջանային երեք տերությունների փորձ՝ ուժեղացնելու զսպումը և նվազեցնելու կախվածությունը ամերիկյան անվտանգության երաշխիքների շուրջ անորոշությունից՝ միաժամանակ հավասարակշռելով Իրանի և Իսրայելի ազդեցությունը:

Համաձայնագրում չկան հանրայնորեն հայտարարված էներգետիկ դրույթներ, որի պատճառով էլ պնդումները, թե այն ուղղակիորեն կփոխի մատակարարումների երթուղիները, զգուշավորություն են պահանջում: Դրա հնարավոր նշանակությունը կապված է նրա հետ, որ պաշտպանական համագործակցությունը կարող է ապահովել ծովային հաղորդակցությունների ավելի արդյունավետ հսկողություն, հետախուզական տվյալների փոխանակում և նավահանգիստների, խողովակաշարերի, ՀԲԳ գործարանների ու էլեկտրացանցերի պաշտպանություն:

Ավելի կանխատեսելի միջավայրը կարող է դյուրացնել ներդրումները, սակայն պաշտպանական հռչակագիրն ինքնին չի ստեղծում ֆինանսավորում, ինժեներական լուծումներ, տարանցիկ համաձայնագրեր կամ քաղաքական պայմանավորվածություններ: Նման ցանկացած էներգետիկ ազդեցություն կախված կլինի պակտի գործնական իրականացումից:

«Չորս ծով» տարածաշրջանային նախաձեռնությունը

Առաջարկվող «Չորս ծով» նախաձեռնությունը միաժամանակ ցույց է տալիս չափազանցված սպասումների հնարավորություններն ու ռիսկերը: New Lines Institute-ի կողմից 2026 թվականի հունիսին ներկայացված հայեցակարգը ենթադրում է Պարսից ծոցը, Կասպից, Միջերկրական և Սև ծովերը Սիրիայի ու Թուրքիայի տարածքով միմյանց կապող ցանցի ստեղծում:

Նախագծի հնարավոր տարրերի թվում են Պարսից ծոցի և Միջերկրական ծովի միջև միջանցքները, Իրաք-Սիրիա երթուղիները և Արաբական գազամուղի վերականգնումը: Թուրքիան պետք է հանդես գա որպես դեպի Եվրոպա դարպաս, Պարսից ծոցի երկրները՝ ենթակառուցվածքների վերականգնման կապիտալի աղբյուր, իսկ Սիրիան՝ եկամուտներ ստանա տարանցումից:

Նմանատիպ տրամաբանություն է արտացոլում Սաուդյան Արաբիա-Հորդանան-Սիրիա-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության գաղափարը, որը դիտարկվում է որպես Հորմուզի նեղուցի շրջանում խափանումներից հետո ցամաքային այլընտրանքներ ստեղծելու փորձ․ նշվում է հոդվածում:

Այդուհանդերձ, այս նախագծերից և ոչ մեկը դեռևս ֆինանսավորված էներգետիկ միջանցք չէ: Մեքքայի պակտը կարող է բարելավել քաղաքական ֆոնը, սակայն այն չի ստեղծել և չի երաշխավորում այս ծրագրերի իրագործումը:

Աշխարհագրությունը շարունակում է մնալ լուրջ սահմանափակում: Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիuտանը չունեն ընդհանուր սահման, ուստի Պարսից ծոցի և Անատոլիայի միջև ցանկացած միջանցք պետք է անցնի Հորդանանի, Իրաքի կամ Սիրիայի տարածքով:

Մասնակիցներն օժտված են տարբեր առավելություններով. Սաուդյան Արաբիան ունի ֆինանսներ և ածխաջրածիններ, Թուրքիան՝ աշխարհագրական դիրք և ռազմաարդյունաբերական կարողություններ, Պակիuտանը՝ զգալի ռազմական պոտենցիալ: Սակայն այդ ռեսուրսների միավորումը շատ ավելի բարդ է, քան քաղաքական համաձայնագրի կնքումը:

Սիրիայի վնասված ենթակառուցվածքները, կարգավորման անորոշությունը և անվտանգության խնդիրները մնում են լուրջ խոչընդոտներ: Արաբական գազամուղն արդեն իսկ ցույց է տալիս, որ քարտեզի վրա ենթակառուցվածքի առկայությունը դեռ չի նշանակում կայուն մատակարարումներ․ դրա օգտագործումը կարող է սահմանափակվել ավերածությունների, պատժամիջոցների, գազի պակասի և քաղաքական անկայունության պատճառով:

Ինչու է Կահիրեն նախկինի պես զգուշավորություն ցուցաբերում

Եգիպտոսը հայտնվել է էներգետիկ և պաշտպանական հաշվարկների խաչմերուկում: Կահիրեն Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիuտանի հետ մասնակցել է STEP ոչ ֆորմալ խորհրդակցություններին, սակայն Մեքքայի համաձայնագիրը չի ստորագրել:

Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Բադր Աբդել-Ատին հայտարարել է, որ Կահիրեն «շատ լուրջ» ուսումնասիրում է միանալու հնարավորությունը՝ հաշվի առնելով երկրի սահմանադրությունը և արդեն իսկ գոյություն ունեցող միջազգային-իրավական պարտավորությունները: Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Եգիպտոսն անվանել է բնական գործընկեր և չի բացառել նրա միացումն ավելի ուշ՝ տեխնիկական հարցերի լուծումից հետո:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես բաց է թողել այդ հնարավորությունը: Անկարան ակնհայտորեն շահագրգռված է Եգիպտոսի մասնակցությամբ, սակայն Կահիրեն դեռևս որևէ պարտավորություն այդ մասով չի ստանձնել:

Եգիպտոսի զգուշավորությունը հասկանալի է: Հավաքական պաշտպանության ձևական պարտավորությունը կարող է երկրին ներքաշել Իրանի, հուսիների կամ Իսրայելի հետ հակամարտությունների մեջ, ինչը կբարդացնի ինչպես եգիպտա-իսրայելական խաղաղության պայմանագիրը, այնպես էլ Կահիրեի դիվանագիտական դերը որպես միջնորդ:

Եգիպտոսին նաև անհրաժեշտ է պահպանել կարևոր հարաբերությունները ԱՄՆ-ի, Հունաստանի, Կիպրոսի, ԱՄԷ-ի և Հնդկաստանի հետ: Բացի այդ, այն կառույցը, որը կընկալվի որպես Սաուդյան Արաբիային կամ Թուրքիային կողմնորոշված, կարող է Կահիրեում մտավախություններ առաջացնել ինքնիշխանության և ազդեցության բաշխման վերաբերյալ, ընդգծում է հրապարակումը:

Միացումն ավելի գրավիչ կդառնար, եթե պակտը զարգանար առանձին ուղղություններով ճկուն համագործակցության ճանապարհով (հակաօդային պաշտպանություն, ծովային անվտանգություն, հետախուզական տվյալների փոխանակում և ենթակառուցվածքների պաշտպանություն)՝ պատերազմի մեջ մտնելու ավտոմատ պարտավորության փոխարեն:

Ինչու է Անկարան ցանկանում Եգիպտոսին տեսնել դաշինքի ներսում

Եգիպտոսի միանալու հարցում Թուրքիայի հետաքրքրությունը շատ ավելին է, քան սոսկ խորհրդանշական քայլը: Եգիպտոսն օժտված է զգալի ռազմական պոտենցիալով, վերահսկում է Սուեզի ջրանցքը և ներկայություն ունի միաժամանակ Միջերկրական ու Կարմիր ծովերում: Նրա մասնակցությունը էապես կընդլայներ պակտի աշխարհագրական ընդգրկումը, որն առնչվում է կարևորագույն էներգետիկ և առևտրային երթուղիներին:

Եգիպտոսի անդամակցությունը նաև չորս երկրների ոչ ֆորմալ խորհրդակցությունները կվերածեր ավելի կառուցարկված մեխանիզմի և կամրապնդեր Թուրքիայի հավակնությունները՝ հանդես գալու որպես միջնորդ Պարսից ծոցի երկրների, Արևելյան Միջերկրածովքի և Եվրոպայի միջև:

Էներգետիկ համատեղելիությունը նույնքան ակնհայտ է: Գազի հեղուկացման եգիպտական հզորությունները լրացնում են թուրքական խողովակաշարերը, պահեստարանները և վերագազավորման տերմինալները, ինչպես նաև դեպի եվրոպական շուկաներ Թուրքիայի հասանելիությունը:

Ավելի սերտ համակարգումը կարող էր ավելացնել ՀԲԳ (LNG) առևտուրը, ավելի արդյունավետ օգտագործել եգիպտական հզորությունները և մասնակիորեն մեղմել տարածաշրջանային մեկուսացումը՝ կապված Արևելամիջերկրածովյան գազային ֆորումում Թուրքիայի բացակայության հետ:

Միևնույն ժամանակ, համագործակցությունը թույլ կտար ընդլայնել թուրքական պաշտպանական համակարգերի շուկաները և մեծացնել Անկարայի ազդեցությունը՝ առանց Կահիրեին ստիպելու պաշտպանել ծովային սահմանների վերաբերյալ թուրքական հավակնությունները:

Ռեսուրսներից դեպի էներգիայի իրական մատակարարումներ

Այսպիսով, Արևելյան Միջերկրածովքում էներգետիկ մրցակցությունն աստիճանաբար դուրս է գալիս ծովային հանքավայրերի պատկանելության հարցի շրջանակներից: Առաջնային են դառնում գազի հասցման, ենթակառուցվածքների անվտանգության և շուկաներ մուտք գործելու վերահսկողության հարցերը, կարծում է հոդվածի հեղինակ, դոկտոր Ումուդ Շոկրին:

Եգիպտոսը տնօրինում է ավազանում գազի հեղուկացման հիմնական հզորությունները, Թուրքիան՝ զարգացած տարանցիկ, գազապահեստարանային և վերագազավորման ենթակառուցվածքները, իսկ Մեքքայի պակտը պոտենցիալ կերպով ունակ է Միջերկրական ծովի անվտանգությունը կապել Պարսից ծոցի և Հարավային Ասիայի հետ:

Այդուհանդերձ, նման արդյունքն ամենևին երաշխավորված չէ: Եթե Թուրքիայի և Եգիպտոսի հարաբերությունների կարգավորումը հանգեցնի կայուն կոմերցիոն համաձայնագրերի, իսկ Մեքքայի պակտը Կահիրեի համար պահպանի մանևրելու բավարար ազատություն, Եգիպտոսի մասնակցությունն ունակ կլինի կրճատել տարածաշրջանային պառակտվածությունը և բարձրացնել առանցքային երթուղիների պաշտպանվածությունը:

Եթե պաշտպանական պարտավորություններն ավելի կոշտ դառնան, իսկ ծովային սահմանների շուրջ վեճերը պահպանվեն, Եգիպտոսը, ամենայն հավանականությամբ, կշարունակի ընտրովի համագործակցությունը՝ մնալով պակտից դուրս:

Քաղաքական դաշինքներն ինքնին չեն փոխում տարածաշրջանի էներգետիկ քարտեզը: Հոդվածում նշվում է, որ դրանց նշանակությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ դրանք օգնում են ենթակառուցվածքային նախագծերը վերածել ներդրումներ ձգելու ունակ ծրագրերի, իսկ առկա ռեսուրսները՝ հուսալի ու երկարաժամկետ մատակարարումների: