ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «զինված խմբի» գործով կալանավորված, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին մարտի 18-ին տեղափոխել են Երեւանի Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
«Բժիշկը նրան ՔԿՀ-ում այցելել էր եւ դրանից հետո որոշվել էր, որ անհրաժեշտ է վիրահատություն: Երեք վիրահատություն է կատարվել, այս պահին նրա վիճակը լավ է»,-ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը ոտքի երակի լայնացում ուներ, որի հետեւանքով նրա մոտ բարդացումներ էին առաջացել:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:





























