Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հեռահաղորդակցության շուկայում մինչ այժմ տուգանել է միայն «ԱրմենՏելին»։ «ԱրմենՏելի» իրավաբան Դավիթ Սանդուխչյանը դրանում նույնիսկ անառողջ մրցակցության տարրեր է տեսնում։ Համենայնդեպս՝ «ԱրմենՏելի» դեմ հարուցված նախորդ մի քանի վարույթներն ու տուգանքների որոշումները այնքան էլ անբասիր չեն եղել, ու դատական գործընթացներում Հանձնաժողովի դիրքերն այնքան էլ կայուն չեն։

Երբ «ԱրմենՏելը» մենաշնորհ ուներ այս շուկայում՝ նման վարույթները ողջունելի էին ու հասարակության կողմից պահանջված։ Սակայն հիմա բավական թեժ մրցակցություն է ընթանում, որը ստիպում է ընկերություններին՝ առանց որեւէ մեկի պարտադրանքի, լիարժեք հաշվի առնել սպառողների շահերն ու պահանջները։ Ուստի Հանձնաժողովի միջամտությունները ցանկալի կլիներ, որ ավելի ծանրակշիռ լինեին, այլապես ստացվում է, որ պետական մարմինը խառնվում է մրցակցությանը։

Հերթական վարույթը հանձնաժողովը հարուցել է 4 ամիս առաջ, որի հիման վրա այսօր «ԱրմենՏելին» հերթական անգամ տուգանեցին անբարեխիղճ մրցակցության ու սպառողներին մոլորեցնելու համար։ Հարցը վերաբերում է  hi line ծառայության գովազդին։ Գովազդը հնչում է հետեւյալ կերպ. «Ինտերնետ ձեր տանը. անվճար միացում, անվճար մոդեմ»։ Այսինքն՝ «ԱրմենՏելը» ապահովում է մոդեմի անվճար առաքում, ինտերնետի լարային միացում, ինչպես նաեւ տրամադրում է ուղեցույց՝ համակարգչային ծրագրերը կարգավորելու համար։ Այդ ամենը՝ անվճար, ինչը հանձնաժողովի կողմից չհերքվեց։ Այն քաղաքացիները, որոնք չեն ուզում օգտվել ուղեցույցից, չեն ցանկանում կամ չեն կարողանում ինքնուրույն կարգավորել համակարգիչը, կարող են օգտվել լրացուցիչ վճարովի ծառայությունից՝ վճարելով դրա համար 3000 դրամ։ Ահա սրանում էլ Հանձնաժողովը տեսել է սպառողներին մոլորեցնելու փաստը, քանի որ գովազդի մեջ դրա մասին խոսք չկա։ Նշենք, որ համակարգչային ծրագրերի վճարովի կարգավորում իրականացնել կարող է ցանկացած ընկերություն, սակայն «ԱրմենՏելը» սպառողին երաշխավորում է «Էյ Էս Օֆթ» ընկերությանը։ «ԱրմենՏելի» մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը NEWS.am-ին ասաց, որ, Հանձնաժողովը, պարզապես, շփոթել է «ինտերնետին միացում» եւ «համակարգչային կարգավորում» հասկացությունները, իսկ Հանձնաժողովի իրավաբան Հայկ Վարդանյանն էլ պնդեց, որ «Արմենտելը» պետք է գովազդում «ինտերնետի միացում» տերմինի փոխարեն օգտագործեր «ինտերնետի ակտիվացում» տերմինը, որն ավելի է համապատասխանում առաջարկվող ծառայության բովանդակությանը։

Տերմինների այդ խառնաշփոթից գլուխ հանելու հերթը դատական համակարգինն է, քանի որ «ԱրմենՏելը» հերթական անգամ բողոքարկելու է հանձնաժողովի որոշումները, առավել եւս, որ ըստ Դ. Սանդուխչյանի, վարույթն իրականացվել է թերի եւ խախտումներով։

Ակնհայտ է, որ hi line ծառայության այդ ակցիան շահավետ առաջարկ է սպառողների համար։ «ԱրմենՏելի» ներկայացուցիչները հայտարարում են, որ մինչ այժմ սպառողներից որեւէ դժգոհություն չեն ունեցել, իսկ հանձնաժողովի վարույթը հիմնված է միայն ոմն Բաբախանյանի բողոքի վրա։ Մեր կարծիքով՝ եթե հանձնաժողովը որոշել է նման խիստ մոտեցում դրսեւորել ընկերություններից մեկի նկատմամբ, ապա նույնը պետք է անի մյուսների նկատմամբ եւս։ Իսկ առիթներ, հավատացեք, քիչ չեն։

Սամվել Ավագյան