Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է ամառային արձակուրդներից հետո առաջին աշխատանքային խորհրդակցությունը՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների ու ԱԺ աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։

Ինչպես հայտնել են ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայությունից, խորհրդակցության հիմնական թեման եղել է հերթական՝ 9-րդ նստաշրջանի օրակարգի քննարկումը։

Լսվել են քննարկման ենթակա օրինագծերի թեմատիկ ընդգրկման ու պատրաստվածության աստիճանի մասին հաղորդումները։ Տեղեկացվել է, որ կառավարությունը օրենսդրական նախաձեռնության կարգով խորհրդարան է ուղարկել նոր օրինագծեր։ Օրակարգում են նաև նախորդ նստաշրջանում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծերը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ներխորհրդարանական գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, հստակեցվել է խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու ծառայությունների առաջիկա գործունեությունը, տրվել են համապատասխան հանձնարարականներ։