ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը կարող է հետագա դեղորայքային բուժումը ստանալ ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում: Այս մասին ասված է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի տարածած պարզաբանման մեջ:
«Փետրվարի 15-ին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում «Դիագնոստիկա բժշկական միավորում» ԲԲԸ-ում իրականացվել է Վ. Շիրխանյանի ստորին վերջույթների վերոնշյալ հետազոտությունը։
Հաջորդ օրը կալանավորը ենթարկվել է անոթային վիրաբույժի խորհդատվության, ով, հիմք ընդունելով դուպլեքս հետազոտության եւ հիվանդի զննության արդյունքները, նշանակել է համապատասխան բուժում, ինչից հետո Վահան Շիրխանյանը զննվել է իր կողմից հրավիրած անոթաբան Լեւոն Մանուկյանի կողմից, ինչից հետո նշանակվել է կրկնակի դուպլեքս հետազոտություն: Փետրվարի 18-ին Վահան Շիրխանյանը տեղափոխվել է Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան հետազոտություններից հետո ախտորոշվել է «Ձախ ստորին վերջույթի մակերեսային ազդրային, խորանիստ ազդրային, ընդհանուր ազդրային երակների սուր վերել ֆլեբոթրոմբոզ, աջ ստորին վերջույթի խորանիստ երակների հետթրոմբոտիկ փոփոխություններ»: Կատարվել է վիրահատություն՝ նիտիլոնային կավա-ֆիլտրի տեղադրում աջ լծային երակից: Ներկայումս կալանավորված անձ Շիրխանյանը ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո եւ անհրաժեշտության դեպքում, համապատասխան ցուցման առկայությամբ պայմանավորված` բուժումը կշարունակի ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:





























