Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը Սերժ Սարգսյանին ուղղված իր նամակում առաջարկում է Մադրիդյան սկզբունքները փոխարինել «Երեւանյան սկզբունքներով», որոնք ներկայացնում է իր նամակում:
«Եթե մադրիդյան սկզբունքների հնարավոր կիրառմամբ առաջնային լուծում չի ստանում խնդրի հիմքը հանդիսացող ԼՂՀ օրինական ճանապարհով ձեռք բերված կարգավիճակի հարցը, այն է` Ադրբեջանի կողմից ԼՂՀ անկախության անվերապահ ճնաչումը, ապա իմստազրկվում են բոլոր համաձայնությունները»,- նշում է Ա. Սարգսյանը եւ առաջարկում, որպեսզի հայկական կողմը հանդես գա «հայեցակարգային նոր հիմնարար մոտեցումներով»:
ՀԴԿ-ն առաջարկում է սկիզբ դնել զուգահեռաբար ընթացող երեք գործընթացների, որոնք են.
«1. Հակամարտող կողմերի միջեւ հաշտության մասին համաձայնագրի ստորագրում, որը գործում է մինչեւ բանակցությունների ավարտը եւ հիմք է հանդիսանում միմյանց նկատմամբ թշնամանք սերմանող քարոզչությունից հրաժարվելու համար:
2. հատուկ մշակված ծրագրով միջոցառումների իրականացում` կողմերի լայն հասարակայնության միջեւ վստահության եւ փոխըմբռնման մթնոլորտի ձեւավորման համար,
3. տնտեսական, թող որ առաջին փուլում միջնորդավորված, համագործակցության ծրագրերի իրականացում, ինչի շնորհիվ ԼՂՀ-ի մասնակցությունը տարածաշրջանային բնույթի նախագծերում նախադրյալներ կստեղծի Ադրբեջանի հետ ուղղակի շփումներ ունենալու համար»:
Մնում է մի փոքր մանրուք. Պետք է ՀԴԿ-ի առաջարկած գործընթացներին համաձայնի նաեւ Ադրբեջանը:




























