Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը վերջերս հրապարակեց տվյալներ անցած տարվա բուսաբուծական ապրանքատեսակների վերաբերյալ: Պարզվում է՝ կարտոֆիլի բերքը կազմել է գրեթե 761.7 հազար տոննա, կամ էլ ավելի քան 250 կիլոգրամ բնակչության մեկ շնչին:
Սակայն այդ գյուղատնտեսական կուլտուրայի ապրանքայնության մակարդակը բարձր չէ: 2014-ի տվյալներով, կարտոֆիլի ռեսուրսների միայն 36 տոկոսն են գյուղացիները փողով իրացրել: Այսինքն վաճառվում է հավաքված բերքի միայն մեկ երրորդը: Իրականում ներքին շուկայի մատակարարումները դրանից էլ քիչ են: Չէ՞ որ կարտոֆիլի մի մասն էլ արտահանվում է:
Պաշտոնական տվյալներով, 2014-ին արտահանվել է 21.2 հազար տոննա կարտոֆիլ, այսինքն գյուղացիների կողմից իրացված ընդհանուր ծավալի 8 տոկոսը: Եթե հավատանք արտահանողների հայտագրերին, կարտոֆիլի մաքսային գինը կիլոգրամի համար նույնիսկ 92 դրամի չի հասել: Ի գիտություն՝ այդ նույն տարվա նոյեմբերին կարտոֆիլի միջին մանրածախ գինը երկրի մայրաքաղաքում կազմել է կիլոգրամի համար 280 դրամ: Այսինքն մաքսային գնից եռակի շատ:
Անցած տարվա նոյեմբերին մանրածախ գները նկատելիորեն քիչ էին, քան դրանից մեկ տարի առաջ՝ կիլոգրամի դիմաց «ընդամենը» 198 դրամ: Սակայն կրկնակի շատ, քան անցած տարվա մաքսային գինը: Բացի դրանից չի բացառվում, որ արտահանողները, օգտվելով իրենց համար շահավետ կոնյուկտուրայից, ավելի ցածր գներով են գյուղացիներից կարտոֆիլ գնել: Վերջիններն էլ համաձայնում են գործարքին, միայն թե մեծ քանակությամբ իրացնեն իրենց ապրանքը: Չէ՞ որ հակառակ դեպքում ստիպված են լինելու կանգնել քաղաքային շուկաների վաճառասեղանների մոտ, կամ էլ էժան գներով վաճառել կարտոֆիլը վերավաճառողներին, խանութներին ու սուպերմարկետներին:
Նկատենք,ո ր կարտոֆիլը իր համեմատական էժանության պատճառով բավականին մեծ տեղ է զբաղեցնում մեր հասարակության անապահով շերտերի սննդակարգում: Պաշտոնական տվյալներով մեր բնակչության 15 տոկոսի օրական էներգիայի 70 տոկոսը հացամթերքն ու կարտոֆիլն են ապահովում: Իհարկե նման սննդակարգը լավ կյանքից չէ: Մարդիկ ստիպված են սահմանափակում գնի տեսակետից իրենց համար անմատչելի սննդամթերքի գործածումը (օրինակ մսի ու ձկան):
Կարտոֆիլի մաքսային ու մանրածախ գների հարաբերակցությունը հուշում է, որ կա ինչ որ օպտիմալ տարբերակ, որը թե՛ գյուղացիներին է ձեռնտու, թե՛ սպառողներին: Պետք է պարզապես օպտիմալացնել միջնորդների օղակը: Թե հատկապես ինչպես՝ համապատասխան պետական գերատեսչությունների խնդիրն է: Ասվածը իհարկե միայն կարտոֆիլով չի սահմանափակվում: Չէ ՞ որ մեր երկրում տարեցտարի աճում է բանջարեղենի ու մրգերի արտահանումը: Նկատենք, որ գնաճի ծավալմանը հիմա խոչընդոտում է միայն տրանսֆերտների ներհոսքում սկսված անկումը:




























