Նովոսիբիրսկում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու վրա կարկանդակներով եւ սպիտակ հեղուկով լի պահպանակներով փաթեթներ են նետել։ Հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ նա դուրս էր գալիս Կենտրոնական մարզային դատարանի շենքից, որտեղ լսվում էր ՊԱՌՆԱՍ-ի ակտիվիստ Լեոնիդ Վոլկովի գործը։ Նավալնին կանգ էր առել, որպեսզի շփվի համախոհների եւ լրագրողների հետ։ Այդ պահին էլ նրա վրա նետել էին կարկանդակներն ու պահպանակները։ Տեսանյութում երեւում է, որ ընդդիմադիրը վազում է չարագործների հետեւից, սակայն, իր իսկ խոսքով, նրանց հասնել չի հաջողվում, փոխանցում է Lenta-ն։