Հայկական կողմին հաջողվել է ԵՄ-ի եւ «Արեւելյան գործընկերության» երկրների արտաքին քաղաքականության եւ սպառնալիքների վերաբերյալ դիրքորոշման մասին զեկույցի նախագծից հանել մի շարք անցանկալի ձեւակերպումներ: Այդ մասին մարտի  29-ին Հայաստանի խորհրդարանում լրագրողներին հայտնել է «Եվրոնեսթի» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը` գործընկերների հետ ամփոփելով մարտի  21 – 23-ի նստաշրջանի արդյունքները:

Նրա խոսքով, վրացի պատվիրակների կողմից երկու առաջարկ էր արվել, որոնք ընդգծում էին տարածքային ամբողջականության կարեւորությունը եւ «Արեւելյան գործընկերության» երկրներում` ընդհանուր առմամբ, «գրավված տարածքների» առկայության անթույլատրելիությունը:   «Թե Ադրբեջանն ինչպես կսկսեր շահարկել դա, պարզ է յուրաքանչյուրին: Նիստին մեր վրացի գործընկերները համաձայնեցին տեքստից հանել այդ ձեւակերպումները: Այդ մասին համապատասխան հայտարարություն արվեց», - հայտնել է Զաքարյանը:

Համանման հայտարարություն է արվել ուկրաինական պատվիրակության կողմից` գրավված տարածքներում ագրեսիայի եւ զորքը դուրս հանելու անհրաժեշտության վերաբերյալ: Մանրամասն պարզաբանումների արդյունքում ուկրաինական պատվիրակությունը եւս համաձայնեց հանել նման ձեւակերպումը:  «Սոցիալիստների խմբակցությունից առաջարկ եղավ, որում կոչ կար ապահովել Թուրքիայի մասնակցությունը Ղարաբաղի վերաբերյալ երկխոսությանը: Այն, որ առաջարկը կատակերգության ժանրից է եւ չի կարող ընդունվել, հենց սկզբից պարզ էր բոլորին: Քվեարկությանը առաջարկը մերժվեց եւ այլ ձեւակերպումներ ընդունվեցին», - հավելել է Արտակ Զաքարյանը: 

Ա. Զաքարյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանին՝ Բրյուսելում ստեղծված արտակարգ իրավիճակում ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը ցուցաբերած համակողմանի աջակցության, ինչպես նաեւ պատվիրակության վերադարձը Ֆրանկֆուրտով կազմակերպելու համար: