ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի մասնակից, Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը հանրային հարցման արդյունքում կտրուկ կրճատել է նախկին պետքարտուղար, երկրի նախկին առաջին լեդի Հիլարի Քլինթոնի եւ իր միջեւ տարբերությունը: Երեքշաբթի այդպիսի տվյալներ է ներկայացնում  NBC հեռուստաալիքը, որը սոցիոլոգիական SurveyMonkey ընկերության  հետ պարզել է ամերիկացիների վերաբերմունքը երկու քաղաքական գործչին, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Քլինթոնն այժմ Սանդերսից առաջ է ընդամենը 6 տոկոսով`  49 տոկոսը 43-ի դեմ: Մեկ շաբաթ առաջ նրանց միջեւ տարբերությունը գերազանցում էր  20 տոկոսը` 52 տոկոսը 31-ի դեմ: Հետազոտողները կարծում են, որ ժողովրդականության նման ցատկը կապված է 74-ամյա «դեմոկրատ սոցիալիստի» վերջերս արձանագրած հաղթանակի հետ:  Հանգստյան օրերին սենատորը նախկին պետքարտուղարին հաղթել է միանգամից երեք նահանգի կուսակցական ակտիվիստների հավաքներին` Ալյասկայում, Վաշինգթոնում եւ Հավայան կղզիներում: Բացի այդ, սոցիոլոգները մարտից ի վեր Քլինթոնի ժողովրդականության փոքրիկ անկում են արձանագրել: Սանդերսն այդ ընթացքում օգտվել է իրավիճակից եւ սկսել է միավորներ հավաքել ընտրախավի շրջանում, հատկապես` երիտասարդության, որոնց համար նա, քաղաքագետների կարծիքով, վերածվել է գրեթե վաղվա օրվա խորհրդանիշի: Փետրվարի կեսերին  Fox News հեռուստաալիքի տվյալներով, սենատորը նախկին առաջին տիկնոջից նույնիսկ առաջ է անցել 3 տոկոսով:

Հարցման համաձայն, ամերիկացիների 45 տոկոսը կարծում է, որ հանրապետականների շրջանում առաջատար միլիարդատեր Դոնալդ Թրամփը եւ Քլինթոնն արդյունքում իրենց կուսակցություններից թեկնածու կառաջադրվեն եւ կպայքարեն նախագահի պաշտոնի համար ընտրություններում, որոնք կընթանան այս տարվա նոյեմբերին: ԱՄՆ-ի քաղաքացիների եւս  32 տոկոսը հայտնել է, որ չի քվեարկի ոչ գործարարի, ոչ նախկին առաջին տիկնոջ օգտին եւ իրենց ձայնը կտա անկախ քաղաքական գործչին, եթե նման մարդ մասնակցի համընդհանուր ընտրություններին: Երկրի մնացած բնակիչները դեռեւս չեն կողմնորոշվել:   

Մարտի 21-ից 27-ին իրականացված հարցմանը ԱՄՆ-ի    6 521 չափահաս քաղաքացի է մասնակցել:

Անցած հանգստյան օրերին Սանդերսը մոտավորապես եւս  120 պատգամավորի աջակցությունն է ստացել, իսկ Քլինթոնը` մոտ 50: Սակայն նախընտրական մրցարշավում ուժերի դասավորության վրա դա էական ազդեցություն չի ունեցել: The New York Times թերթի հաշվարկներով, դեմոկրատների շրջանում առաջատարը շարունակում է մնալ Քլինթոնը, որին աջակցում է համապետական համագումարի  1 712 պատվիրակ, որը նոյեմբերի 8-ի նախագահական ընտրությունների համար պաշտոնական թեկնածու է առաջադրելու: Սանդերսն իր հաշվին 1 004 պատգամավորի ձայն ունի: Ֆիլադելֆիայում   (Փենսիլվանիայի նահանգ) հուլիսի 25-28-ին տեղի ունենալիք ազգային համագումարում իր` որպես թեկնածուի առաջադրումն ապահովելու համար դեմոկրատ հավակնորդին անհրաժեշտ է ստանալ 4764 պատվիրակից  2383-ի աջակցությունը: