Իրաքյան հատուկ նշանակության ջոկատի ենթադրյալ անդամները Instagram-ում էջ են ստեղծել, որում օգտատերերին առաջարկում են վճռել գերեվարված ԻՊ-ի զինյալների ճակատագիրը: Օգտատերերը քվեարկում են իսլամականներին սպանելու կամ ազատ արձակելու օգտին: Ըստ RT-ի, էջի հավաստիությունը չի հաստատվում:
Instagram-ի նշված էջում նաեւ սպանված զինյալների լուսանկարներ, մարտական գործողությունների եւ հատուկ ջոկատայինների մարզումների կադրեր են հրապարակվում:
Որոշ հրապարակումներում բացահայտորեն նշվում է իրաքյան ուժերի կողմից գերեվարված զինյալների ճակատագրի մասին: «Սալահուդդին նահանգում ձերբակալել ենք ԻՊ-ի առաջնորդներից մեկին եւ գնդակահարել»,- գրում են հեղինակները:
The Guardian-ը գրում է, որ եթե լուսանկարների եւ տեսանյութերի հավաստիությունը հաստատվի, իրաքյան հատուկ նշանակության ջոկատայիններին կարող են մեղադրել ռազմական հանցագործության մեջ:




























