Ուկրաինայի Գերագույն ռադան հավանության է արժանացրել 2014 թվականի հունվարի 1-ից հետո Ռուսաստանում արտադրված կամ առաջին անգամ ցուցադրված ռուսական ֆիլմերի հեռարձակման արգելքը: «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններն ուկրաինական խորհրդարանն ընդունել է մարտի 29-ին:
Մինչեւ հիմա Ուկրաինայում արգելված էր միայն այն ֆիլմերի ցուցադրությունը, որոնք «ագրեսոր-պետության օրգանների քարոզչություն եւ նրանց առանձին գործողությունների ժողովրդականացում են պարունակում»:
Ըստ «Корреспондент.net»-ի, փաստաթղթին կից պարզաբանող գրության մեջ նշվում է, որ փոփոխության նպատակն է՝ «կատարելագործել տեղեկատվական ոլորտում Ուկրաինայի ազգային անվտանգության պաշտպանության իրավական մեխանիզմները՝ Ուկրաինայում ագրեսոր-պետության կողմից օգտագործվող քարոզչության ցանկացած ձեւի սահմանափակման ճանապարհով»:





























