Egypt Air ավիաընկերության օդանավն առեւանգած Սեյֆ ադ-Դին Մուսթաֆան մահապարտ-ահաբեկչի գոտին պատրաստել է թռիչքի ժամանակ: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին ասված է Եգիպտոսի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Ոստիկանության տվյալներով, Սեյֆ ադ-Դինը մյուս ուղեւորների հետ միասին մանրակրկիտ ստուգում է անցել Ալեքսանդրիայի օդանավակայանում: Նրան հաջողվել է մահապարտի գոտի սարքել ձեռքի ուղեբեռում թույլատրված առարկաներից: Այդ գոտիով էլ նա սպառնացել է օդանավի անձնակազմին եւ ուղեւորներին՝ խոստանալով պայթեցնել, եթե օդաչուները չփոխեն օդանավի երթուղին:

EgyptAir ավիաընկերության Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող Airbus A320-232 օդանավն ուղեւորներից մեկը գրավել էր մարտի 29-ի առավոտյան: Ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Կիպրոսի Լարնակա օդանավակայանում: Ավելի ուշ ուղեւորին ձերբակալել են: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: