Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան խաղադրույք են կատարում մարտի դաշտում Սիրիայի եւ Ռուսաստանի պարտության վրա, որպեսզի բանակցություններում սեփական պայմանները թելադրեն: Այս մասին ռուսաստանցի հաղորդավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

«Որոշները մեզ եւ Ռուսաստանին մեղադրում են, երբ փորձում են ահաբեկչության դեմ պայքարի համար Ռուսաստանի միջամտությունը ներկայացնել որպես միջամտություն՝ սիրիական նախագային կամ կառավարությանն աջակցելու համար, ինչը որպես խանգարող հանգամանք է դիտարկվում քաղաքական գործընթացի ճանապարհին»,- ասել է Ասադը:

Սակայն, նրա կարծիքով, «ռուսական ռազմական օժանդակությունը, Սիրիայի ընկերներին օգնությունն ու սիրիական բանակի ռազմական հաղթանակները հանգեցնում են քաղաքական կարգավորման արագացմանը, այլ ո՛չ հակառակը»:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նախագահը հիշեցրել է Շվեյցարիայում անցկացվող բանակցությունների մասին: «Մենք գնացինք Ժնեւ եւ շարունակում ենք ճկունություն ցուցաբերել: Բայց, միաժամանակ, այս հաղթանակները կազդեն այն ուժերի եւ պետությունների վրա, որոնք խոչընդոտում են կարգավորմանը, քանի որ այդ պետությունները, առաջին հերթին՝ Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, խաղադրույք են կատարում մարտի դաշտում մեր պարտության վրա, որպեսզի բանակցություններում իրենց պայմանները պարտադրեն»,- ընդգծել է Ասադը: