Սպիտակ տունն ակնկալում է, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Բարաք Օբաման եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ պաշտոնական բանակցություններ կանցկացնեն Վաշինգտոնում նախանշված միջուկային անվտանգության հարցերի գագաթաժողովի ընթացքում: Այս մասին լրագրողներին հաղորդել է ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստը:
Նա կտրականապես հերքել է ենթադրություններն այն մասին, որ պաշտոնական երկկողմ հանդիպման ծրագրի բացակայությունը նշանակում է, որ ամերիկյան կողմը ցանկանում է Թուրքիային ցուցադրել իր արհամարանքը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ծրագրում է հանդիպել իր ամերիկացի պաշտոնակցի հետ, սակայն Սպիտակ տունը հայտարարել էր, որ Օբամայի օրակարգում հանդիպում չի ծրագրվում: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ծրագրված է Թուրքիայի նախագահի եւ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպումը:




























