«Թալիբան» արմատական շարժմանը հարող «Ջամաաթ ալ Ահրար» խմբավորման գրոհայինները սպառնացել են Պակիստանում նոր ահաբեկչություններ կազմակերպել,  հայտնում է The Wall Street Journal-ը։

Խմբավորման հայտարարության մեջ ասվում է, որ գրոհայինները մտադիր են  նոր հարձակումներ իրականացնել եւ պատերազմ սկսել անմիջականորեն երկրի վարչապետ Նավազ Շարիֆի դեմ։

«Պետք է Նավազ Շարիֆին հասկացնել, որ պատերազմն հասել է նրա շեմին»,- մեջբերում է պարբերականը ծայրահեղականների ներկայացուցչի հայտարարությունը։

Գրոհայիններն իրենց սպառնալիքին  կից տարածել են մահապարտ ահաբեկչի լուսանկարը, որը, նրանց խոսքով, մարտի 27-ին իրականացրել է Լահորի ահաբեկչությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ջամաաթ ալ Ահրարի» գրոհայինները ստանձնել էին Պակիստանի Լահոր քաղաքում պայթյունի պատասխանատվությունը, որից զոհվել էր 69 մարդ։