ԱՄՆ Հավայի նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձեւն ընդունվել է միաձայն, ոչ մի դեմ չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի Ամերիկայի արեւմտյան շրջանի տնօրեն Էլեն Ասատրյանը:
«Պատմական այս բանաձեւը Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվեց միաձայն: Բանաձեւը մեր կողմից ներկայացվել է երկու շաբաթ առաջ ու թեեւ որոշ փոփոխությունների ենթարկվեց, բայց միեւնույն է, այնտեղ նշվում է, որ ճանաչում է ԼՂՀ-ն որպես ազատ, անկախ, ինքնիշխան ժողովրդավարություն: Նաեւ բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին, ինչպես նաեւ միջազգային հանրությանը անել նույնը, այսինքն ճանաչել ԼՂՀ անկախությունը»,-նշեց Էլեն Ասատրյանն ու հավելեց. «Բանաձեւի նախագիծը Ներկայացուցիչների պալատում ներկայացրել է կոնգրեսական Անգուս ՄաքՔելվին, որին երկրորդել է կոնգրեսական Ջոն Միզունոն, որին ոչ մի առարկություն չի եղել»:
Նրա խոսքով, վերջին շրջանում Ադրբեջանի դեսպանատունը հսկայական ճնշումներ էր գործադրում ուղղված հայամետ բանաձեւերի դեմ, Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը քաղաքից քաղաք էր շրջում, բայց մեզ հաջողվեց հաղթահարել նրանց եւ բանաձեւն ընդունվեց միաձայն:
«Հատկանշական է, որ բանաձեւն ընդունվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ԱՄՆ այցելությունից մեկ օր առաջ: Անկեղծ ասած, հիմա մեր գործը մի փոքր հեշտացել է այն առումով, որ վերջին շրջանում ԱՄՆ-ում Ադրբեջանի ու նրա ղեկավարության մասին այնքան բացասական տեղեկատվություն է տարածվում, որ այդ երկրի մասին ընդհանուր պատկերացումների ֆոնին ավելի հեշտ է լինում կոնգրեսականների հետ աշխատելը»,-ընդգծեց Էլեն Ասատրյանը:
ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ողջունել է այդ որոշումը՝ ասելով. «Ես շնորհակալ եմ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատին, կոնգրեսականներ ՄաքՔելվիին եւ Միզունոյին եւ նրանց բոլոր գործընկերներին այս բանաձեւին աջակցելու համար։ Դա խրախուսում է Արցախին՝ վստահություն ներշնչելով, որ մեր նվաճումներն աննկատ չեն մնում, որ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ի վերջո կճանաչվի որպես այդպիսին ողջ քաղաքակիրթ աշխարհում»։
Նշենք, որ մարտի 29-ին, ԱՄՆ Հավայի նահանգն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատն իր բանաձեւում նաեւ հորդորել է ԱՄՆ նախագահին, Կոնգրեսին եւ միջազգային հանրությանը ԼՂՀ-ն ճանաչել որպես ազատ, անկախ եւ ինքնիշխան ժողովրդավարություն:
Այսպիսով Հավային դարձավ ԱՄՆ 7-րդ նահանգը, որը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը՝ միանալով Մասաչուսեթսի, Ռոդ Այլենդի, Լուիզիանայի, Քալիֆորնիայի, Մեյնի եւ Ջորջիայի նահանգներին։


























