Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դաշտային առաքելությունների աշխատանքը։ Այս մասին մարտի 30-ին՝ «Գերմանիայի ԵԱՀԿ նախագահությունը՝ երկխոսության, վստահության ու ապահովության ամրապնդում ԵԱՀԿ տարածաշրջանում» թեմայով կոնֆերանսի ժամանակ, ասել է ՀՀ ԱԳՆ սովորական սպառազինությունների եւ ԵԱՀԿ վերահսկման բաժնի պետ Վահե Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն արդյունավետ համագործակցում է ԵԱՀԿ մի շարք կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ։

Գեւորգյանը նշել է, որ ԵԱՀԿ-ն կարեւոր հարթակ է համագործակցության համար, առաջին  հերթին համընդհանուր եւ անբաժան անվտանգության, լինի դա ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական, թե հասարակական սեկտորում։ «ԵԱՀԿ անդամ երկրները կարող են տարբեր արժեքներ ունենալ, համագործակցության տարբեր աստիճաններ։ Սակայն նրանք բոլորը մեկ շահ պետք է հետապնդեն՝ ստեղծել եւ պահպանել ապահով միջազգային մթնոլորտ»,- ասել է նա։