EgyptAir ավիաընկերությանը պատկանող ուղեւորատար օդանավը փախցնող եգիպտացուն կալանավորել են 8 օրով, հաղորդում է Կիպրոսի նորությունների գործակալությունը (ΚΥΠΕ):

Համապատասխան որոշումը կայացրել է Լառնակայի մարզային դատարանը: Սեյֆ ադ-Դին Մուստաֆան մեղադրվում է պայթուցիկը նյութեր ապօրինի պահելու, մարդկանց առեւանգելու եւ նրանց տեղաշարժի ազատությունն ապօրինաբար սահմանափակելու, ինչպես նաեւ ահաբեկչության համար:

EgyptAir ավիաընկերությանը պատկանող Airbus A320 օդանավը, որը Ալեքսանդրիայից թռչում էր Կահիրե, առեւանգել էին մարտի 29-ի առավոտյան: Ահաբեկչի պահանջով օդանավի անձնակազմը շեղել է ուղղությունը եւ վայրէջք կատարել Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանում: Օդանավում եղել է 55 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ: Ուղեւորների մեծ մասը եգիպտացիներ են եղել, բայց նաեւ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իռլանդիայի եւ Նիդերլանդների քաղաքացիներ:

Բանակցություններից հետո տղամարդը հանձնվել է իշխանություններին: