Մինսկի խումբը բանակցության միակ ձեւաչափն է, որն ընդունվել է հակամարտության կողմերի համատեղ համաձայնությամբ: Այս մասին նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռոման Նադալը՝ պատասխանելով «Նուվել դ՛Արմենի» լրատվական գործակալության հարցին, թե ինչպես է Ֆրանսիան արձագանքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին, թե Մինսկի խմբի համանախագահներին վերաբերում է որպես «սադրիչների»:

Այս առնչությամբ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռոման Նադալն նշել է հետեւյալը.

«Ֆրանսիան շարունակում է կայուն աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում՝ աջակցելու  արդար եւ տեւական կերպով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

Մենք իրականացնում ենք միջնորդության առաքելությունը կողմերի միջեւ անկողմնակալության հանդեպ խիստ հարգանքով։ Մինսկի խումբը բանակցության միակ ձեւաչափն է, որն ընդունվել է հակամարտության կողմերի համատեղ համաձայնությամբ»:

Հիշեցնենք, որ Նովրուզի տոնակատարությունների կապակցությամբ իր ելույթում Ադրբեջանի Նախագահը՝ Իլհամ Ալիեւը, Մինսկի Խմբի համանախագահներին որակել է որպես «սադրիչներ» այն հիմնավորմամբ, որ նրանք առաջարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել եւ որ նրանք դեմ են հակամարտության վերաբերյալ բանակցությունների ձեւաչափի փոփոխությանը։