ԱՄՆ-ի արժեթղթերի եւ բորսայի հանձնաժողովը դատական հայց է ներկայացրել Գլենդելից փաստաբանի դեմ: Այս մասին գրում է Los Angeles Times-ը:
Հանձնաժողովի հայցի համաձայն, Ջիլբերթ Թագմազյանը ներդրողներից 6 մլն դոլար է կորզել՝ նրանց խորհուրդ տալով կասկածելի պայմանագրեր կնքել մեծ շահույթ խոստացող, բայց գոյություն չունեցող ֆինանսական գործիքների հետ (prime bank մեքենայությունների սխեմա):
Ըստ բողոքի, փաստաբանը ներդրողներին շաբաթական 15-30% է խոստացել: Ստացված միջոցները Թագմազյանը չի ներդրել, այլ կիսվել է իր համախոհի՝ Վահագ Դինո Ավադիսյանի հետ, որին 2013 թվականին արդեն մեղադրել են նման խարդախության համար: Մեղադրականի համաձայն, ստացված միջոցներն Ավադիսյանը վատնել է Լաս Վեգասում:
Բողոքում նշվում է, որ սխեմայի զոհերը կորցրել են իրենց բոլոր խնայողությունները՝ բացառությամբ մեկի, որը մասնակի փոխհատուցում է ստացել:
Թագմազյանի փաստաբան Նիք Մորգանը հրաժարվել է մանրամասն մեկնաբանություններ տալ:





























