ԱՄՆ-ն չպետք է խրախուսի Իլհամ Ալիեւին մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ փոքրիկ քայլերի համար: Վաշինգտոնը պետք է կտրուկ բարեփոխումներ պահանջի մարդու իրավունքների ոլորտում: Այս մասին ForeignPoicy պարբերականում հրապարակված հոդվածում գրել է ադրբեջանցի լրագրող եւ իրավապաշտպան Էմին Հուսեյնովը: Հետապնդումների ենթարկված Հուսեյնովը ստիպված լքել է հայրենիքն ու հիմա գտնվում է Շվեյցարիայում:

Հոդվածում Հուսեյնովը գրել է.

«Ի՞նչ կանեիք Բարաք Օբամայի հետ լուսանկարի համար: Իմ երկրի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստվում է Վաշինգտոն գնալ. նա նույնպես այդպիսի լուսանկար է ուզում: Հանուն դրա նա 16 քաղբանտարկյալի ազատ արձակեց: Օբամայի հետ հանդիպման հույս չի կարող ունենալ, բայց Ջոն Քերրիի հետ հանդիպել կհաջողվի: Հիմա նա, ամենայն հավանականությամբ, կսպասի այլ խոշոր պաշտոնյաների հետ լուսանկարների կամ հանդիպումների, որպեսզի մարդիկ տեսնեն, որ իր այցն ապարդյուն չի անցել: Դե ինչ, եթե ԱՄՆ-ն գնահատում է մարդու իրավունքների պաշտպանությանն ու ժողովրդավարությանն իր հավատարմությունը, ապա պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ալիեւը նման հնարավորություն չունենա:

Ալիեւն այն մի քանի տասնյակ առաջնորդներից է, որոնք այս շաբաթ հավաքվել են Վաշինգտոնում՝ մասնակցելու միջուկային անվտանգության գագաթաժողովին: Եվրոպական խաղեր-2015-ի եւ առաջիկա Ֆորմուլա-1-ի եվրոպական գրան-պրիի նման թատերականացված փիարից կարելի է կարծիք կազմել, թե որքան հուսահատորեն է Ալիեւը կառչում միջազգային իմիջից:

Վաշինգտոնյան աղբյուրները մեզ ասում են, որ նա փորձում է հասնել Օբամայի հետ մի քանի րոպեով հանդիպման եւ համատեղ լուսանկարի, որպեսզի տանը բարձրացնի իր իմիջը:

Չնայած ԱՄՆ-ում ծավալած լոբբինգին՝ Ալիեւն Օբամայի նախագահության բոլոր տարիների ընթացքում Սպիտան տուն այցելության հրավեր չստացավ: Բայց նույնիսկ Օբամայի հետ լուսանկարը նրա համար չի լինի, եթե Ալիեւը չհայտարարի մարդու իրավունքների ոլորտում հստակ եւ լիարժեք բարոփոխումների մասին:

Առանց դրանց՝ նրա հետ Ջոն Քերրիի հանդիպումը մեծ սխալ էր: Այդպես պարգեւատրել բանտարկյալներին ազատ արձակելու համար՝ հետագա քայլեր պահանջելու փոխարեն, նշանակում է քաղբանտարկյալներին աճուրդի առարկա դարձնել եւ խրախուսել Ալիեւին:

Նրանք, ովքեր չեն համբերում անմեղ մարդկանց ազատ արձակելու համար Ալիեւին գերազանց նշանակելու հարցում, պետք է լավ մտածեն: Բանտարկելն ու ազատ արձակելը նրա համար սովորական բան են: 2009 թվականին Օբաման հայտարարեց, որ Ադրբեջանում լրագրողների դեմ հարձակումներն ու նրանց ձերբակալությունները սովորական են դարձել: Հաջորդ տարի նա հույս հայտնեց, որ Ադրբեջանում մարդու իրավունքներն ավելի լավ կպաշտպանվեն, եւ կոչ արեց ազատ արձակել երկու բլոգերների: Նրանց, իհարկե, ազատ արձակեցին, բայց դրանից հետո ավելի մեծ թվով մարդկանց բանտ նետեցին:

Ալիեւի ռեժիմի դաժանության մասին ես լսելով չէ, որ գիտեմ: Որպես լրագրող եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ակտիվիստ, որպես Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի տնօրեն՝ ես մշտական հարձակումների եմ ենթարկվել: Մի անգամ ոստիկաններն ինձ այնքան ծեծեցին, որ հիմա տառապում եմ լսողության կորստից եւ առողջական այլ խնդիրներից: 2014 թվականին ստիպված է թաքնվել՝ հանուն սեփական անվտանգության, երբ իշխանություններն իմ բազմաթիվ գործընկերների ձերբակալեցին, խուզարկություններ անցկացրեցին Ինստիտուտի գրասենյակում եւ փակեցին այն: Շվեյցարական դեսպանատունն ինձ ապաստան տրամադրեց իմ կյանքի ամենաերկար 10 ամիսների ընթացքում, մինչեւ 2015 թվականի հունիսին վերջապես ինձ թույլ տվեցին Շվեյցարիայի ԱԳ նախարարի ուղեկցությամբ հեռանալ երկրից:

Ադրբեջանում տասնյակ քաղբանտարկյալներ կան. ավելին, քան Բելառուսում եւ Ռուսաստանում միասին հաշշված: Ալիեւի խամաճիկային խորհրդարանը հիմնարար ազատությունները սահմանափակող օրենսդրություն է ընդունել՝ գրեթե ամբողջությամբ փակելով անկախ ՀԿ-ները: 2014 թվականի սեպտեմբերին նախագահ Օբաման հայտարարեց, որ օրենքների պատճառով Ադրբեջանում «ՀԿ-ների համար ավելի ու ավելի դժվար է դառնում նույնիսկ պարզ գործունեության համար»:

Այստեղ կարեւոր են նաեւ ԱՄՆ-ի շահերը: Վերջին երեք տարիներին «Ազատություն» ռադիոկայանի, PeaceCorps-ի, Ազգային դեմոկրատական ինստիտուտի, IREX-ի եւ ամերիկյան ֆինանսավորմամբ մի շարք այլ կազմակերպությունների գրասենյակները: Անցյալ տարի Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը պահանջեց ազատ արձակել լրագրող Հաջիդա Իսմայիլովային՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մյուս կին ակտիվիստների հետ միասին: Հադիջան դեռեւս բանտում է, ինչպես նաեւ ընդդիմության առաջնորդներից Իլգար Մամեդովն ու այլք:

Իմ եղբայրը՝ ֆոտոլրագրող եւ բլոգեր Մեհման Հուսեյնովը, փակված է մնացել Ադրբեջանում. 2012 թվականին ոստիկանների հետ բախումներից հետո նրան թույլ չեն տալիս հեռանալ երկրից:

Իմ մտերիմ ընկերը՝ Ռասիմ Ալիեւը, չափազանց մեծ գին վճարեց այն բանի համար, որ ցույց տվեց Ալիեւի ռեժիմի ռեպրեսիաները: 2015 թվականի օգոստոսին նրան սպանեցին, ու թեեւ Ռասիմի մահվան հանգամանքները պարզ չեն, ես վստահ եմ, որ որոշեցին չեզոքացնել նրան: Ալիեւի իշխանության գալուց ի վեր նա հինգերորդ լրագրողն է, որին սպանում են: