Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի նահանգապետ Չարլզ Բեյքերի հետ: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո կայացած հանդիպմանը ՀՀ նախագահը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առկա են սերտ գործընկերային, բարեկամական հարաբերություններ եւ երախտագիտություն է հայտնել այն շարունակական աջակցության համար, որ ԱՄՆ-ը ցուցաբերում է Հայաստանին ամենատարբեր ոլորտներում:
Երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման գործում Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է նահանգների եւ հատկապես Մասաչուսեթ¬սի դերակատարությունը: Հանրապետության նախագահը նշել է, թե Հայաստանը կարեւորում է ապակենտրոնացված համագործակցությունը եւ այդ առումով ցանկանում է ուղիղ կապեր հաստատել Մասաչուսեթս նահանգի հետ: Համագործակցությունը, նախագահի համոզմամբ, կարող է կրել ինչպես ճանաչողական բնույթ, այնպես էլ նպաստել կրթության, գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մի շարք այլ ոլորտներում սերտ կապերի հաստատմանը:
ՀՀ Նախագահը երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նահանգապետ Չարլի Բեյքերի վճռական դիրքորոշման եւ հայ ժողովրդին աջակից լինելու համար: Սերժ Սարգսյանը նշել է, թե ուրախ է, որ Մասաչուսեթս նահանգի ղեկավարությունը պատմականորեն արդար դիրքորոշում է ունեցել այս հարցում, ինչի մասին է վկայում այն, որ 19-րդ դարավերջի համիդյան ջարդերից եւ Հայոց ցեղասպանությունից մազապուրզ հայերի մի ստվար մաս հաստատվեց հենց այս նահանգում: Ըստ Նախագահի, այդ մասին է խոսում նաեւ այն, որ նահանգային դպրոցներում Հայոց ցեղասպանության պատմություն է դասավանդվում:
ՀՀ Նախագահը բարձր է գնահատել Ամերիկայի անկախության համար մղված պայքարում վճռական դեր կատարած Մասաչուսեթս նահանգի առանձնակի վերաբերմունքը ԼՂ հիմնախնդրի նկատմամբ:
Առանձնացնելով Մասաչուսեթսի պատկառելի ներուժը գիտակրթական ոլորտում եւ նշելով, որ բավական է միայն նահանգում գտնվող մի շարք հեղինակավոր բուհերի շարքում հիշատակել Հարվարդի համալսարանն ու Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիուտը, Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտությամբ է նշել, որ Մասաչուսեթսը եւ ընդհանրապես ԱՄՆ-ն իր գիտակրթական ներուժով Հայաստանի անկախությունից ի վեր նպաստել է նաեւ մեր պետականության ամրապնդմանը: Բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման գործում ՀՀ Նախագահը բարձր է գնահատել ամերիկյան կառավարության աջակցությունը:
Ընդգծելով, որ Հայաստան-Մասաչուսեթս հարաբերություններն ունեն խոստումնալից ապագա եւ Հայաստանը շահագրգռված է Մասաչուսեթսի հետ ակտիվ կապեր հաստատելու հարցում, Սերժ Սարգսյանը հրավիրել է նահանգապետ Չարլի Բեյքերին մեր երկիր։
Հանդիպման ավարտին աշխատանքային ճաշ է տրվել` նահանգապետ Չարլզ Բեյքերի, համայնքային ղեկավարների եւ Ներկայացուցիչների պալատի անդամների մասնակցությամբ:



































