Հունաստանի խոշորագույն նավահանգիստ Պիրեայում 100-ավոր սիրիացի եւ աֆղան փախստականներ ծեծկռտուք են սարքել, հաղորդում է Աֆղանական նորությունների գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 30-ի երեկոյան: Սկզբում նավահանգստում ծեծկռտուքին մասնակցել է 30 մարդ, սական կեսգիշերի սահմաններում բախումները զանգվածային բնույթ են ստացել:

Սիրիացիներն ու աֆղանները միմյանց վրա քարեր են նետել, կոտրվել են ուղեւորային տերմինալի ապակիները: Անկարգությունները հնարավոր է եղել կանխել դադարեցնել միայն հատուկջոկատայինների ժամանումից հետո: Ոստիկանությունը եւ նավահանգստի ղեկավարությունը շրջափակել են երիտասարդ օտարերկրացիներին:

«Պրոտո թեմա» (Առաջին թեմա) պարբերականի փոխանցմամբ, կոնֆլիկտի պատճառը եղել է այն, որ աֆղանցիների մի խումբ հարձակվել է սիրիացի մի կնոջ վրա՝ «անհասկանալի մտադրություններով»: Համերկրացիները պաշտպան են կանգնել կնոջը, եւ իրավիճակը քիչ անց դուրս է եկել վերահսկողությունից:

«Շուրջ երեք ժամ հարյուրավոր մարդիկ կռվել են քարերով, փայտերով, մետաղյա ձողերով: Կատաղած երիտասարդները կոտրել են նաեւ այդ տարածքում գտնվող փոքրիկ արմավենիները: Այդ սարսափելի մարտում եղել են նաեւ կանայք՝ երեխաները ձեռքներին, որոնք փորձել են դուրս պրծնել ու փախչել այդտեղից»,-գրում է պարբերականը:

Իշխանությունները մտադիր են առանձնացնել սիրիացիներին եւ աֆղաններին, որպեսզի նման միջադեպերը չկրկնվեն:

Այս պահին Պիրեա նավահանգստում ապրում է մոտ 6 հազար փախստական: