Լեհաստանում որոշել են ապամոնտաժել Լեհաստանի նկատմամբ կոմունիստական ռեժիմի գերիշխանությունը խորհրդանշող բոլոր խորհրդային հուշարձանները։ Ազգային հիշողության պետական ինստիտուտի ղեկավար Լուկաշ Կամինսկին հայտնել է, որ դրանք պետք է ապամոնտաժվեն եւ տեղափոխվեն թանգարան, իսկ պետությունը նախկինի պես շարունակելու է խնամել խորհրդային զինվորական գերեզմանները։ Հուշարձանների ապամոնտաժման նախագիծը առաջիկա շաբաթների ընթացքում կուղարկեն տեղական ինքնակառավարման մարմիններին։

Կայքը հայտնում է, որ խոսքը «ի երախտագիություն ԽՍՀՄ-ի» կառուցած ավելի քան 500 հուշարձանների մասին է։

«Դրանց պահպանումը Լեհաստանում 1990-ական թթ. փոփոխությունների անավարտության հետեւանք է։ Դա ճակատագրական սխալ էր, որը տարիներ շարունակ մեր հայրենիքի դեմ քարոզչության եւ սադրանքների դիմելու առիթ է եղել»,- ասել է Կամինսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ընդ որում, խորհրդային զինվորների գերեզմանավայրերում տեղադրված հուշարձանները չեն ապամոնտաժվելու։ Պետությունը շարունակելու է հոգ տանել դրանց մասին։