ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի հակամարտության խաղաղ կարգավորման եւ բանակցության ավելի լայն շրջանակի դեպքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը՝ պատասխանելով «Հ1»-ի հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ը գնահատում Ադրբեջանի նախագահի կողմից համանախագահներին սադրիչ անվանելու փաստը:

«Որպես Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ն խորապես ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական եւ խաղաղ կարգավորմանը հասնելու գործընթացում։

ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի հակամարտության խաղաղ կարգավորման եւ բանակցության ավելի լայն շրջանակի դեպքում՝  հիմնված Հելսինկյան սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման վրա»,-ասված է պետքարտուղարության պատասխանում:

Հիշեցնենք, որ Նովրուզի տոնակատարությունների կապակցությամբ իր ելույթում Ադրբեջանի Նախագահը՝ Իլհամ Ալիեւը, Մինսկի Խմբի համանախագահներին որակել է որպես «սադրիչներ» այն հիմնավորմամբ, որ նրանք առաջարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել եւ որ նրանք դեմ են հակամարտության վերաբերյալ բանակցությունների ձեւաչափի փոփոխությանը։