«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Եվրոպայում ահաբեկիչներ պատրաստելու կոնվեյեր է ստեղծել, գրում է The New York Times-ը։

Պարբերականը նշում է, որ ԵՄ-ում ապրող մուսուլմանների ակտիվ հավաքագրումը սկսվել է 2012-2013թթ.։ Իսկ արդեն 2014-ին «գործարանը» գործի է դրվել։ Սակայն երկար ժամանակ ԵՄ պաշտոնատար անձինք հրաժարվում էին նկատել դրա գոյության ակնհայտ նշանները եւ հայտարարում էին, որ ԻՊ-ը «Ալ Կաիդայի» աննշան ճյուղն է։

«Այդ ամենը հանկարծակի վերջին կես տարում չի հայտնվել։ Նրանք այլ պետությունների վրա հարձակումներ էին պլանավորում 2012-ին խմբավորման՝ Սիրիա ներթափանցելու պահից»,- մեջբերում է պարբերականը ԱՄՆ հետախուզության նախկին ղեկավար Մայքլ Ֆլինի խոսքը։

Բացի այդ, պարբերականը հատվածներ է մեջբերում է ԻՊ 29-ամյա գրոհային Ռեդա Համեի ցուցմունքից։ Նրան 21 ծայրահեղականների հետ ձերբակալել էին Ֆրանսիայում։ Համեն նախապատրաստություն էր անցել, սակայն չէր հասցրել ահաբեկչություն իրականացնել։

«Դա իսկական գործարան է։ Նրանք անում են ամեն բան, որպեսզի հարված հասցնեն Ֆրանսիայում կամ Եվրոպայում որեւէ այլ տեղ»,- ասել է Համեն։