Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է ԱՄՆ Արեւմուտքի հետ հարաբերությունները բարելավելու եւ երկրի սասանված հեղինակությունը վերականգնելու նպատակով, գրում է The Wall Street Journal-ը։
Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահի այցի նպատակը միջուկային անվտանգության հարցով գագաթնաժողովն է, սակայն իրականում նրա խնդիրներն ավելի մեծ են։ Թուրքիան քրդերի հալածանքների, լրատվամիջոցների վրա ճնշումների պատճառով կորցնում է Արեւմուտքի համակրանքը, եւ Էրդողանը պետք է փրկի իրադրությունը։
Քաղաքագետները կարծում են, որ Էրդողանը կփորձի արդարացնել իր կոշտ քաղաքականությունը, սակայն դժվար թե ԱՄՆ-ը փոխի իր վերաբերմունքը։
Միաժամանակ թուրքական լրատվամիջոցները շարունակում են հակաամերիկյան քարոզչություն տանել, նշում է պարբերականը։
Հոդվածագրի կարծիքով Էրդողանը գիտի, որ իր երկրի աշխարհաքաղաքական վիճակը Եվրամիությանը ստիպում է համակերպվել դժգոհությունների հետ հատկապես փախստականների հոսքի եւ ահաբեկչության սպառնալիքի ֆոնին։ Դա նրան վստահություն է ներշնչում իր գործողություններում։
Սակայն քաղաքագետները նշում են, որ ԱՄՆ-ի դեպքում այդ մարտավարությունը դժվար թե աշխատի։ Եթե Էրդողանը չփոխի իր քաղաքական գիծը, Վաշինգթոնը կշարունակի անտեսել իր երբեմնի կարեւոր տարածաշրջանային գործընկերոջը։





























