Սահմանադրական բարեփոխումների ռազմավարական նպատակը կառավարման արդյունավետության բարձրացումն է: Այս մասին, մարտի 30-ին, Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում իր դասախոսության ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ սահմանադրական փոփոխությունները բեկումնային է համարում:

«Նորացված Սահմանադրությամբ մենք անցում ենք կատարում կիսանախագահական կառավարման համակարգից կառավարման խորհրդարանական համակարգի՝ նոր էջ բացելով քաղաքական կուսակցությունների զարգացման համար: Այս փոփոխությունների արդյունքում մենք ձեռնամուխ ենք եղել երկրում նոր քաղաքական համակարգի ու նոր քաղաքական մշակույթի ձեւավորման գործընթացին: 

Ի՞նչ ենք մենք ուզում անել եւ ի՞նչ ենք անում իրականության մեջ: Միանգամից պատասխանեմ. մենք ցանկանում ենք ունենալ ավելի արդյունավետ կառավարում: Մեր երկրի չափերն ու բնական ռեսուրսները համեստ են, իսկ մեր առջեւ ծառացած մարտահրավերները` հսկայական: Մենք ստիպված ենք փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծել: Ահա այստեղ է, որ բացառիկ կարեւոր է դառնում կառավարման արդյունավետությունը: Սահմանադրական բարեփոխումների ռազմավարական նպատակը հենց դա է: Ավելի շատ ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ ավելի նպատակասլաց պայքար: Այստեղ մենք ունենք լուրջ ներուժ եւ այն պետք է լիարժեքորեն իրացնենք:

Իհարկե, կան արտաքին անբարենպաստ հանգամանքներ. փակ սահմաններ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, գլոբալ տնտեսական հիմնախնդիրներ, բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ տարածաշրջանում եւ այլն, բայց մեր խնդիրների լուծումը առաջին հերթին մենք տեսնում ենք երկրի ներսում: Մենք առաջին հերթին ապավինում ենք մեր ուժերին եւ հնարավորություններին: Շատ լավ գիտենք, որ ոչ ոք մեր երկիրը ավելի լավը չի դարձնելու, բացի մեզնից: Իհարկե, մենք ունենք դաշնակիցներ, գործընկերներ եւ բարեկամներ եւ շատ թանկ ենք գնահատում մեր համագործակցությունը ամենատարբեր ձեւաչափերում, բայց, կրկնում եմ՝ ավելի բարեկեցիկ եւ ավելի ազատ երկիր ունենալու մեր երազանքը իրականացնելու պարտականությունը մերն է: Եվ մենք դա հստակ գիտակցում ենք:»,- ընդգծել է ՀՀ նախագահը: