Բանակցությունների մասին Ադրբեջան պետության ընկալումները շատ հեռու են ժամանակակից պատկերացումներից: Այս մասին, մարտի 30-ին, Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում իր դասախոսության ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Համոզված եմ, որ Հարվարդում բանակցությունները ամենապահանջված եւ ամենադասավանդված առարկաներից է: Վստահ եմ՝ ձեզ այստեղ սովորեցնում են, որ ցանկացած բանակցությունների դրական ելքի համար անհրաժեշտ է առնվազն փոխզիջում: Անհնարին է մաքսիմալիստական եւ միակողմանի պահանջներով հասնել որեւէ խնդրի հանգուցալուծման: Բայց որպեսզի պատկերացնեք, թե մենք ինչպիսի իրավիճակի հետ ենք առնչվում Ադրբեջանի հետ բանակցելիս, ընդամենը մի բան նշեմ. Ադրբեջանն իր կողմից փոխզիջում է համարում պատերազմական գործողություններ չվերսկսելը այն դեպքում, երբ խաղաղության պահպանումը փոխզիջում չէ, այլ պարտավորություն՝ միջազգային պարտավորություն»,- իր խոսքում նշել է Սերժ Սարգսյանը:

Նա նկատել է, որ շատ նորմալ է, որ շատերը կարող են կասկածի տակ առնել հայկական կողմի մոտեցումները, քանի որ Հայաստանն ու Արցախը շահագրգիռ կողմ են: «Գտնվելով այս հաստատությունում՝ ուզում եմ օգտվել առիթից եւ ձեզ դիմել առաջարկով: Կխնդրեի պարոն Էլիսոնին դիտարկել Քենեդու դպրոցի Քաղաքականության ինստիտուտում մի հետազոտություն իրականացնելու հնարավորությունը, որը մանրակրկիտ կերպով կուսումնասիրի թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական մամուլի հրապարակումները, գիտական հոդվածերը, երկու կողմի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները, երկու կողմի հասարակական կազմակերպությունների զեկույցները, եթե, իհարկե, այդպիսիք դեռ կան Ադրբեջանում, եւ գալ սեփական եզրակացության: Ես չեմ ասում կուրորեն հավատացեք իմ խոսքին, ուսումնասիրեք եւ տեսեք՝ ո՞վ է պատերազմ քարոզում, ո՞վ է սահմանային լարվածություն հրահրում, ո՞վ է ատելություն քարոզում, ընդ որում ոչ միայն իշխանությունների, այլեւ հենց հայ ժողովրդի դեմ: Ինչո՞ւ եմ սա շեշտում. ենթադրենք վաղը իշխանությունները համաձայնության եկան. ինչպե՞ս են հաշտվելու իրար ատող հասարակությունները: Կարծում եմ՝ հետազոտության բացահայտումները շատ հետաքրքրական կլինեն, այդ թվում նաեւ մեզ համար»,-ընդգծել է ՀՀ նախագահը: