Մեր որոշ հարեւաններ այսօր էլ չեն հրաժարվում տնտեսական շանտաժի քաղաքականությունից: Այս մասին, մարտի 30-ին, Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում իր դասախոսության ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ դրա հետեւանքն են տարածաշրջանում առկա բաժանարար գծերը, իսկ Եվրոպայի վերջին փակ սահմանը` Հայաստան-Թուրքիա պետական սահմանն է:
«Հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի եւ Եվրոպական միության մաքսային միության անդամ է, նշանակում է՝ փակ է այդ երկու կառույցների հետ արդյունավետ գործընկերություն զարգացնող Հայաստանի սահմանը:
Գաղտնիք չէ, որ միջազգային հարաբերություններում տնտեսությունը առանցքային գործոն է, եւ հաճախ հենց տնտեսական հարաբերություններն են թելադրում քաղաքական օրակարգը: Այդուհանդերձ, մի բան միանշանակ է` տնտեսական դիվանագիտությունը քաղաքական շանտաժի գործիք չի կարող լինել, տնտեսական դիվանագիտությունը զարգացման գործիք է, համագործակցության, ինտեգրման գործիք է: Տնտեսական համագործակցությունը, հատկապես հակամարտության գոտիներում, վստահության կառուցման լավագույն հնարավորություններից է, ինչը դեպի խաղաղություն տանող ամենակարճ ճանապարհն է: Եվրոպայի պատմությունը մեզ համար դրա լավագույն օրինակն է»,-ընդգծել է ՀՀ նախագահը:





























