Բրիտանական Շեֆիլդ քաղաքի 102-ամյա բնակչուհին երկարակեցության հիմնական սկզբունքներ է համարում հաճախակի գրկախառնություններն ու կյանքի ցանկացած իրավիճակում հանգստությունը պահպանելը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Metro-ն:
Դորա Ռիհամը գրեթե ամբողջ կյանքում սնվել է բրիտանական ավանդական «ֆիշ ընդ չիպս»-ով, որը պատրաստել են նրա հորը պատկանող ռեստորանում: «Երբեք մի հուզվեք: Արեք՝ ինչպես ես. ինչ էլ լինի՝ պահպանեք հանգստությունը: Իսկ տղամարդկանց խորհուրդ եմ տալիս իրենց տիկնանց օրական երեք անգամ գրկել»,- նշել է բրիտանուհին:
Ռիհամը ծնվել է 1914 թվականին, իր հոր ռեստորանում: 24 տարեկանում նա ամուսնացել է, երկու որդի ունեցել: Նրա ամուսինը 81 տարի է ապրել:
2015 թվականի օգոստոսին էլ ամերիկյան Նյու Ջերսի նահանգի բնակչուհին նշել էր, որ երկարակեցության իր գաղտնիքը կանոնավոր կերպով ալկոհոլային խմիչքների օգտագործումն է: 110-րդ տարեդարձը նշած Ագնես Ֆենթոնը հայտնել էր, որ վերջին 70 տարիներին ամեն օր երեք գավաթ գարեջուր եւ մեկ բաժակ վիսկի է խմել:



























