ՀԱՀ-ի արգելոցից հերթական անգամ փախած առյուծն այս անգամ ազատության մեջ է մնացել ընդամենը 3 օր։ Ազգային պարկերի ղեկավարությունից հայտնել են, որ Սիլվեստր մականունով առյուծին հնարավոր է եղել գտնել տվյալների կրիչով վզկապի եւ որսորդների օգնությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Անցյալ տարի Սիլվեստրը ազատության  մեջ շրջել էր 3 շաբաթ, մինչեւ նրան բռնել էին։ Նա 300 կմ հեռացել էր արգելանոցից եւ ճանապարհին մեծ քանակությամբ ոչխարներ էր կերել։ Բարեբախտաբար մարդիկ չէին տուժել։

Կենդանու ճակատագիրը հարցականի տակ է մնում։ Ազգային պարկերի ղեկավարությունն ուզում է քնեցնել կենդանուն, ինչի դեմ բողոքում են կենդանիների իրավունքների պաշտպանները։ Ազգային պարկերի ղեկավար Ֆունդիսիլե Մքեթենին հայտնել է, որ առյուծին ցանկապատված առանձնավայրում կպահեն, մինչեւ որոշում կայացնելը։ Առյուծին կամ քնեցնելու են, կամ թողնելու են արգելոցում, բայց ամրացնելու են ցանկապատները կամ էլ հանձնելու են ուրիշ արգելոցի։